ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։

Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջեւ ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման եւ տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։

«Մեծ է այսպիսի հանդիպումերի կարեւորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնել իրենց տեսակետները»,-հանդիպումից հետո ասաց  ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։