Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջեւ Շիրակում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ ոչ մի վիճաբանություն տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ  «Օրինաց երկիր» երկիր խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` հերքելով այդ մասին մամուլի տեղեկությունները: «Չնայած անհեթեթ է ճղճիմ լուրերի մեկնաբանությունը, սակայն որպես հարսանյաց հանդեսի մասնակից, կցանկանայի նշել, որ եղել է շատ ջերմ հայկական հարսանիք` երգ ու պարով, ուրախությամբ, ընդ որում` բոլոր պաշտոնյաների եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: Իսկ Արթուր Բաղդասարյանն իր ներկայությամբ պատվել է հերթական կուսակցականի հարսանիքը, բարձրացրել միջոցառման ոգին»,-հայտարարեց Մարգարյանը:  Նրա խոսքով`«անհեթեթ լուրեր տարածողները պետք է իմանան, որ Արթուր Բաղդասարյանն այն մարդը չէ, որի հետ կարելի է նույնիսկ անհարգալից տոնով խոսել»: «Ոչ մի վեճ ու խոսակցություն էլ տեղի չի ունեցել, լավ քեֆ ենք արել»,-իր խոսքն ամփոփեց Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ թերթերից մեկն իր այսօրվա` մայիսի 7-ի համարում գրել էր, թե Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի (Արթուր Բաղդասարյանի հետ հորեղբոր թոռներն են) որդու՝ մայիսի 1-ին տեղի ունեցած հարսանիքի պատվավոր հյուրերն են եղել Արթուր Բաղդասարյանը եւ Աշոտ Գիզիրյանը։ Ըստ Արթիկում եւ Գյումրիում շրջանառվող լուրերի, երբ բոլորն արդեն գինովցած են եղել, նրանց միջեւ տհաճ խոսակցություն է բռնկվել։ «ԱԽՔ-ը զայրացած քաշել է մարզպետի թեւից՝ առաջարկելով կողքի սենյակում առանձին խոսել։ Քիչ անց այդ սենյակից ճլըթոց է լսվել, եւ Արթուր Բաղդասարյանը խառնված ու սրտնեղած այնտեղից դուրս է պրծել։