Շոտլանդիայում կայացած տեղական ընտրություններում հաղթելուց հետո ազգայնականները մտադիր են նախաձեռնել հանրաքվե` Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Հաղորդվում է, որ տեղական խորհրդարանական ընտրություններում սենսացիոն հաղթանակ է տարել շոտլանդական ազգային կուսակցությունը` խորհրդարանական 129 տեղից ստանալով 69-ը:  Սա նշանակում է, որ կառավարությունը լինելու է միակուսակցական:

Մինչ այդ, շոտլանդական խորհրդարանում մեծամասնություն էին կազմում լեյբորիստներն ու լիբերալ- դեմոկրատները, սակայն այս անգամ նրանք  զգալիորեն զիջել են դիրքերը. լեյբորիստները զբաղեցրել են երկրորդ տեղը` ստանալով 37 տեղ, իսկ  հաջորդը պահպանողականներն են: Լիբերալ-դեմոկրատները խորհրդարնում միայն հինգ պատգամավոր կունենան:

Ազգային կուսակցության ղեկավար Ալեքսանդր Սելմոնդին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ազգայնական տրամադրությունները Եվրոպայում մոդայիկ են դառնում: Օրինակ, վերջերս Ֆինլանդիայում կայացած ընտրություններում սենսացիոն արդյունքներ էր արձանագրել ազգայնական «Իրական ֆիններ» կուսակցությունը,  որն առաջարկում է դուրս գալ Եվրամիությունից: Ներկայումս  քննարկվում է Շենգենյան համաձայնագրի գաղափարներից հրաժարվելու հարցը: