Ազատության պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց մայիսի 4-ին, ժամը 14:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա  Մարգարիտ Ղարիբյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վարորդը, տուժողին թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

Վրաերթից երկու օր անց` մայիսի 6-ին, տուժողը դիմել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով քննչական բաժին  է հրավիրվել 26-ամյա Կարապետ Վարդանյանը, ով աշխատում է «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամում: Այն պատկանում է նախկին պատգամավոր, հանրությանը հայտնի` «SAS-ի Արտակին»: 

Ձեռք բերված օպերատիվ տեղեկություններով` քննչական մարմինը պարզել է, որ վրաերթը կատարել է Կ. Վարդանյանը` իր կողմից վարած Volkswagen մակնիշի 20 ՕՕ 254 համարանիշի ավտոմեքենայով: Մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի