Երկրապահի եւ Արցախի ճակատագիրը միահուսված են եւ երբեք թույլ չենք տա այն դարձնել քննարկման առարկա, կասկածի տակ առնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ անկախ պետության արդեն 20-ամյա իրողությունը: Այս մասին ասված է «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի` Երկրապահի օրվա (մայիսի 8) առթիվ տարածած շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է, որովհետեւ մենք` հայերս, այսօր մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենին ազատագրող ու պաշտպանող տեսակին:

Աշխարհաքաղաքական նորանոր զարգացումները լուրջ խնդիրներ են դնում մեր ժողովրդի ու պետության առջեւ: Մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոս տղաների կյանքի ու հայ ժողովրդի մաքառումների գնով: Մեր ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում կերտվեց երկրապահի կերպարը, դարձավ երկիր պահող հայի կերպար, ձեռքբերումները պահպանող հայի կերպար:

Երկրապահը եղել է, կա ու կմնա Արցախի ժողովրդի կողքին:

Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը, սակայն մեր ձեռքբերումները, մեր ժողովրդի քաջարի զավակների բազկի նվաճումները հաճախ կուլ են գնացել դիվանագիտական խաղերին: Պատմությունից դաս քաղած երկրապահը, վճռական է եւ թույլ չի տա, որ պատմությունը կրկնվի:

Մեր անկախ պետությունն արդեն 20 տարեկան է: Մեր անկախ երկիրն անցել է 20 տարվա ճանապարհ, բազում խնդիրներ արդեն լուծվել են եւ առջեւում էլ կան խնդիրներ, որոնք անպայման կլուծվեն մեր միասնության շնորհիվ:

Հայ ժողովրդի մեծ զավակ, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»: Մեր ժողովրդի բոլոր տոները, բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են: Եթե մենք ինքներս գնահատենք մեզ եւ միասնական լինենք, օտարը չի կարող մեր միասնական կամքի հետ հաշվի չնստել: Մենք հավատացած ենք, որ հայ ժողովրդի միասնության ու արյան գնով լուծված խնդիրները համահունչ են արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին եւ վերջնական հաստատումը կստանան միջազգային հանրության կողմից: Հավատանք ինքներս մեզ, մեր միասնության ուժին, մեր նոր սերնդին: Կարեւորը ունենալը չի, կարեւորը եղածը, ձեռք բերածը միասնականությամբ պահպանելն ու այն եկող սերունդներին փոխանցելն է: Այս իսկ նպատակով էլ մենք անկախության 20-ամյակի տարին հայտարարել ենք` Երիտասարդ ու Պատանի երկրապահների տարի, այսինքն նոր սերնդի վստահության տարի:

Մեր 20-ամյա անկախության գործընթացի տարում եւս մեկ անգամ շնորհավորում եմ երկրապահ-ազատամարտիկներին մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում խաղաղություն, փոխադարձ հանդուրժողականություն եւ միասնականություն»: