SPAYKA ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը նոր է վերադարձել Վրաստան կատարած գործուղումից եւ զբաղված է իր պարտականությունների կատարմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, թե Ղազարյանը, ում դեմ գործ է հարուցվել եւ նա ձերբակալվել է, ապա քննիչի որոշմամբ ազատ է արձակվել:

«Մենք մեկնաբանության որեւէ պատճառ չունենք, քանի որ մենք չենք հասկանում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում»,-հայտարարեց Բաղդասարյանը: NEWS.am-ը փորձեց ճշտել` հնարավո՞ր է կապվել Դավիթ Ղազարյանի հետ եւ անձամբ նրանից մեկնաբանություն ստանալ:

Կարեն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, թե Ղազարյանը զբաղված է եւ «իր աշխատավայրում իր աշխատանքն է իրականացնում»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործին, ապա այս մասին SPAYKA-ի ներկայացուցիչն ասաց.  «Խոսվում է մի բանի մասին, որը գոյություն չունի, հետեւապես` գոյություն չունեցող բանը մեկնաբանության կարիք չունի: Իսկ այն, ինչը որ պետք կլինի հերքել, առաջիկայում կհերքվի»: Կարեն Բաղդասարյանը առաջարկեց այցելել  SPAYKA եւ համոզվել, որ ամեն բան կարգին է եւ եթե հարկ լինի`զրուցել անձամբ Դավիթ Ղազարյանի հետ:  

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, SPAYKA-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել` փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Ղազարյանն, ըստ մամուլի հրապարակումների, երեկ պետք է կալանավորվեր, սակայն քննիչի որոշմամբ ազատ է արձակվել:

Ի դեպ` ՊԵԿ–ը պաշտոնապես հաստատել է, որ SPAYKA ընկերության տնօրենի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

«Սպայկա» ընկերությունը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում հայաստանյան խոշորագույն ընկերություններից է եւ զբաղվում է գյուղմթերքի արտահանմամբ: