ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենթուքի նահանգի Ֆորտ-Քեմփբել ռազմաբազայում հանդիպել է զինվորականների հետ։ Այս բազայից էին Պակիստան մեկնել «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին չեզոքացնելու օպերացիայի մասնակիցները։

«Մենք այլեւս գլխատել ենք «Ալ Քաիդային»։ Մեր ռազմավարությունն աշխատում է։ Մենք առաջվա նման Ամերիկան ենք մնում, որը դժվար եւ մեծ գործեր է իրագործում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուսամա բեն Լադենը ամերիկկացի զինվորականների հատուկ գործողության արդյունքում սպանվել էր մայիսի 2-ի գիշերը՝ Իսլամաբադի արվարձաններից մեկում։ Նրա  մարմինը ջրասույզ էին արել Արաբական ծովում, որպեսզի բեն Լադենի գերեզմանը մահմեդականների համար ուխտատեղի չդառնա։