Չինական իշխանություններն անցած օրվա ընթացքում երկրի մայրցամաքային հատվածում կորոնավիրուսով վարակման 28 դեպք են գրանցել, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հաղորդել է Չինաստանի հիգիենայի եւ առողջության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դրա տվյալներով՝ Չինաստանի բժշկական հաստատություններում կորոնավիրուսով վարակված 265 հիվանդ կա (անցած օրվա ընթացքում առողջացել է 15 հիվանդ), ինը մարդում մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձեւով: Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, վարակակիրներից միայն չորսն են նախօրեին ժամանել արտասահմանից, մնացած 24 դեպքը տեղական է. 21-ը գրանցվել է Պեկինում, երկուսը հարակից հյուսիսային Հեբեյ նահանգում եւ եւս մեկը՝ Տյանցզինում: Համավարակի ժամանակ տեղական համաճարակաբանական մարմիններն արտասահմանից ժամանած 1860 վարակակիր են գրանցել, որից 1.769-մ արդեն ապաքինվել է: Վերջին շրջանում այլ երկրներից կորոնավիրուսով վարակվածների թիվն աննշան է, քանի որ սահմանը գրեթե ամբողջությամբ փակ է, սակայն միջազգային թռիչքների համար փոքր քվոտա կա:
Ըստ վիճակագրության՝ ՉԺՀ-ի մայրցամաքային հատվածում վարակակիրների 94.11 տոկոսն առողջացել է: 2019-ի դեկտեմբերից վարակվածների թիվը գերազանցել է 83.2 հազարը: Ապրիլի 15-ից երկրում պաշտոնապես մահվան դեպքեր չեն գրանցվել, մահացության մակարդակը 5.56 տոկոս է կազմում (մահացել է ավելի քան 4.6 հազար մարդ):
Մայրցամաքային Չինաստանում Պեկինն առաջին տեղն է զբաղեցնում բժշկական հաստատություններում հիվանդների քանակի առումով (մոտ 160 մարդ): Դրան հաջորդում են Գուանդուն հարավային նահանգը եւ հարավ-արեւմտյան Սիչուանը, որտեղ համապատասխանաբար բուժվում են 27 եւ 21 հիվանդ: 31 վարչական միավորներից 16-ի տարածքում հիվանդներ չկան, մնացածում (չհաշված մայրաքաղաքը), մեկից 20 վարակված կա:
Տեղական իշխանություններն ընդհանուր վիճակագրության մեջ չեն մտցնում եւ ապրիլի 1-ից առանձին սյունակում են նշում ասիմպտոմատիկ վիրուսակիրներին: Դրանք Չինաստանում 111-ն են, որից 8 դեպքը գրանցվել է անցած օրվա ընթացքում: Այս կատեգորիային պատկանող եւ մշտական բժշկական հսկողության տակ գտնվող վարակակիրների մոտ 18 տոկոսը հայտնաբերվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Հեյլունցզյան նահանգում, մոտ 20 տոկոսը՝ Գուանդունում, եւս 11 տոկոսը՝ Պեկինում եւ Չունցինում (հարավ-արեւմուտք): Հուբեյ կենտրոնական նահանգում, որտեղ մոտ վեց ամիս առաջ ծագեց համավարակի առաջին բռնկումը, ասիմպտոմիկ վարակվածներ գրեթե չկան:
Չինաստանի կառավարությունը կարանտինային ռեժիմ է ապահովում մոտ 5.2 հազար մարդու համար, ովքեր սերտորեն շփվել են վարակվածների հետ: Երկրի մեծ մասում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի նվազեցված մակարդակ է հայտարարվել, բացառությամբ Պեկինի, որտեղ հիվանդության խոշոր բռնկում է տեղի ունեցել: Մայրաքաղաքում համաճարակաբանական վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են գործում:





























