Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել Թուրքիայի հետ երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության ողջ տեքստը:

«Նշելով, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների „դե-յուրե“ ճանաչում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար հանձնաժողովի ստեղծում,

- նկատի ունենալով, որ այդ փաստաթղթերը թուրքական պետության քաղաքականության միայն մի մասն են, իսկ գործընթացն արդեն իսկ ցույց է տվել, որ Թուրքիան արձանագրությունների վավերացումն ու սահմանների բացումը կապում է մեկ այլ նախապայմանի՝ ղարաբաղյան կարգավորման հարցում հայկական կողմից զիջումների հետ,

- նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը բանակցային գործընթացում առավելության հասնելու մեխանիզմ են ստեղծել, եւ այժմ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների տարբեր փուլերում կարող է պահանջներ առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցերում,

- նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ընդունված ձեւը, որը պահանջում է արձանագրությունների վավերացում, եւ որից հետո դրանք դառնալու են թուրքական նախապայմաններ պարունակող պետական միջազգային պայմանագիր ու դառնալու են Հայաստանի վրա միջազգային-իրավական ճնշման գործիք,

կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը վերանայել իր դիրքորոշումը, այսինքն՝

ա) չստորագրել արձանագրությունները, որոնք կարող են Հայաստանի եւ հայության ազգային շահերին անկանխատեսելի վնասներ հասցնել,

բ) սեփական ժողովրդի դժգոհության վրա հիմնվելով՝ համապատասխան հայտարարությամբ դուրս գալ ներկայիս, արժանապատիվ պայմաններ չապահովող բանակցություններից,

գ) այն պայմաններում, երբ ներկայիս փուլում հայկական կողմը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում իրացնել իր առավելությունը Ցեղասպանության հարցում, եւ որը զսպող գործոն է Թուրքիայի համար, առաջարկել դիվանագիտական հարաբերությունների հաստատման այլ ձեւաչափեր՝ նոտաների, հեռագրերի հանձնում կամ համատեղ հայտարարություն,

դ) Հայաստանի եւ Սփյուռքի հետագա պառակտումից խուսափելու համար ստեղծել արդյունավետ մեխանիզմներ համազգային հարցերում դիրքորոշումը հստակեցման համար: Դրա տարբերակներից մեկը կարող է լինել Նախագահին առընթեր Խորհրդի ստեղծումը՝ Սփյուռքի կազմակերպությունների մասնակցությամբ»:

Հայտարարությունը ստորագրել են Ռուաաստանում գործող հայկական մի շարք կազմակերպություններ, պարբերականներ եւ ինտերնետային կայքեր: