Անդրկովկասյան երկու պետությունների միջեւ կոնֆլիկտն ամուր կերպով ստացել է Լեռնային Ղարաբաղի անունը: Իսկապես, Լեռնային Ղարաբաղն հակամարտության կորիզն է։  Սակայն այս տարածքի համար պայքարը դրանով չի սահմանափակվում։ Հակամարտությունը զարգանում է նաեւ հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի երկայնքով՝ Ղարաբաղում «շփման գծից» դուրս: Եվ ավանդաբար այս ուղղությանն ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջին գրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

«Ես արդեն տաս տարի է գրում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտության «սահմանային» հանգույցն ավելի բարդ եւ պոտենցիալ վտանգավոր է, քան բուն ղարաբաղյան հակամարտությունը: Երկրների միջեւ սահմանը գծված եւ սահմանազատված չէ: Նման իրավիճակում տհաճ միջադեպեր են ծագում նույնիսկ բարեկամ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ․ տես բազմամյա պատմությունը Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ: Իսկ հայ-ադրբեջանական համատեքստում խոսքը երկու բացահայտ թշնամական պետությունների մասին է:

Անորոշ սահմանների եւ երկարատեւ կոնֆլիկտի պայմաններում պայքար է ընթանում «ամայի տարածքների» համար, որոնք յուրաքանչյուրն իրենն է համարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ինչո՞վ է դա հղի․ պոտենցիալ վտանգավոր էսկալացիաներով՝ երրորդ ուժերի ներգրավմամբ: Մի բան է հակամարտությունը Ղարաբաղում, որը որպես իրեդենտիստական է դիտարկվում, այլ բան է բաց միջպետական ​​ռազմական հակամարտությունը` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Եվ թերեւս ամենակարեւորն այն է, որ սահմանային հակամարտության մասին պատմությունները չեն տեղավորվում մադրիդյան նորացված սկզբունքների համատեքստում (դրանք բազային են): Այնտեղ նշված չեն դրանց կարգավորման մեխանիզմները՝ ի տարբերություն վերը նշված փաստաթղթի: Սակայն միջադեպերի ազդեցությունը բանակցությունների ընթացքի վրա մեծ է, դրանք «հավելյալ արժեք» են տալիս խաղաղ գործընթացի ձգձգմանը: Մինչդեռ միջսահմանային բախումները նվազագույնի հասցնելու եւ դրանց կանխարգելման հստակ պլաններ չկան:

Պետք չէ գերագնահատել կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա․ արդեն մեկնաբանություններ են հայտնվում այն մասին, որ երկու երկրները մեծապես տուժում են վարակից, եւ դրանց առաջնորդները փորձում են սրել առճակատումը՝ երկու երկրների ներսում առկա խնդիրներից շեղելու համար: Վարակի հետ կապված ծախսերն իսկապես շատ են, Հայաստանում եւ Ադրբեջանում խնդիրները չափից ավելի շատ են: Բայց կոնֆլիկտը եղել է վիրուսից առաջ եւ, ավաղ, կմնա, երբ համավարակը նահանջի: Ամեն ինչ շատ ավելի խորն է։ «Սահմանային» ուղղությամբ Ռուսաստանը հակամարտության կողմերի վրա ազդելու ավելի շատ ռեսուրսներ եւ հնարավորություններ ունի, քան անմիջականորեն ղարաբաղյան թրեքի վրա, որտեղ դրա ջանքերը լրացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի գործողություններով, որոնք այժմ Ղարաբաղի ժամանակը չունեն։ Եւ Մոսկվայի համար էսկալացիայի ռիսկերն ավելի մեծ են: Եվ, հետեւաբար, կարեւոր է արդյունավետ եւ ճշգրիտ գործել: Չէ որ դա պարզապես միֆ է, որ հակամարտությունը ձեռնտու է մեզ: Մեզ ձեռնտու է դրա կարգավորումը․ ամբողջ հարցն այն է, թե ինչպես դա իրականացնել: Բայց մինչեւ այդ դեռ երկար ճանապարհ կա, այժմ չափազանց կարեւոր է կանխել միջադեպերը»,- գրել է Մարկեդոնովը: