Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսության անսպասելի փակումը նշանավորում է վերջին միջադեպը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ արագ սրվող հակամարտության մեջ, Reuters-ի հոդվածում գրել է վերլուծաբան Ջոն Քեմփը:
Ապագա պատմաբանները, հավանաբար, կկենտրոնանան 2020թ. վրա՝ որպես մի կետի, երբ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ ռազմավարական մրցակցության սաստկացումը վերածվեց նոր «սառը պատերազմի»:
Երկու գերտերությունները ներկայում ներգրավված են մի շարք աշխարհագրական տարածքների (Հարավային Ասիա, Հարավարեւելյան Ասիա, Ավստրալիա, Եվրոպա, Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա) եւ մի շարք ուղղությունների (առեւտուր, ներդրումներ, տեխնոլոգիա, լրտեսություն, միջազգային ինստիտուտներ, առողջապահական քաղաքականություն, ռազմածովային ուժեր եւ ավիացիա, հրթիռնեը եւ տարածքային վեճեր) հակամարտություններում:
Գերտերությունները ձեւավորել են բողոքների աճող ցուցակ եւ համարյա ընդհանուր շահեր չունեն: Երկու երկրներն էլ փորձում են երրորդ երկրներին ներքաշել դաշինքի համակարգ, որում աշխարհը կբաժանվի երկու մասի: Կարմիրը Կապույտի դեմ: Մեզ հետ կամ մեր դեմ: Անընդհատ առճակատում: Հիմնականում սա է «սառը պատերազմի» սահմանումը:
Քաղաքական որոշ գործիչներ եւ ռազմավարական հետազոտությունների վերլուծաբաններ դեռեւս չեն ուզում օգտագործել «սառը պատերազմ» հայեցակարգը՝ վախենալով ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ երկարատեւ հակամարտության նմանությունից եւ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում միջազգային հարաբերությունների համար դրա հետեւանքներից:
Սակայն որեւէ կասկած չկա, որ երկու երկրներն էլ ավելի ու ավելի են տեսնում եւ նկարագրում հակամարտությունը էքզիստենցիալ տեսանկյունից: Եթե դա նման է «սառը պատերազմի» եւ հնչում է որպես «սառը պատերազմ», հավանաբար դա հենց «սառը պատերազմ» է:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ «սառը պատերազմը» հասունացել է մի քանի տարվա ընթացքում: Մոտ մեկ տասնամյակ աճում էին մտավոր սեփականության գողության, առեւտրի անհավասարակշռության, լրտեսության, դիվանագիտական զսպման եւ տարածքային վեճերը:
Սակայն այն կետը, որում ռազմավարական ուժգնացող մրցակցությունը վերածվում է բացահայտ սառը հակամարտության, 2020 թվականն է, ինչը նշանավորում է որակական եւ քանակական շրջադարձը։
Կորոնավիրուսի համավարակը եւ տնտեսական կտրուկ անկումը մեծացրել են լարվածությունը, եւ այժմ կոնֆլիկտը դարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շրջանակում կենտրոնական հարցը, քանի որ երկու հիմնական թեկնածուները կոշտ տրամադրվածություն ունեն Չինաստանի նկատմամբ։
Ինչպես եւ ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի դեպքում, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմը կարող է ներգրավել ԱՄՆ մի քանի վարչակազմ եւ Չինաստանի առաջնորդների մի քանի սերունդ, ընդ որում՝ առավել ինտենսիվ կոնֆլիտկների փուլերը փոխարինվում են լարվածության թուլացմամբ։
Դա անձնական կոնֆլիկտ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջեւ։ Այն էլ ավելի է ներքաշում երկու երկրներում էլիտար խմբերի մեծամասնությանը։
Երկու երկրներում ամենաբարձր ղեկավարության փոփոխությունը չի նշանակում, որ կոնֆլիտին վերջ կտրվի։
Ինչպես եւ ԱՄՆ-ԽՍՀՄ սառը պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կոնֆլիկտը, ըստ ամենայնի, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ծախսերն անտանելի չդառնան մեկ կամ երկու կողմի համար։
ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ներկայիս կոնֆլիկտը նույնպես Ֆուկիդիդի ծուղակի դասական օրինակ է, երբ նոր զարգացող գերտերությունը (Հին Աթենքը, ներկայում՝ ժամանակակից Չինաստանը) մարտահրավեր է նետում գործող գերտերությանը (Սպարտային, այժմ՝ ԱՄՆ-ին)։
Պատմությունը ենթարդում է, որ այդպիսի կոնֆլիկտները հաճախ ավարտվում են չկանխամտածված, սակայն իրական ռազմական հակամարտությամբ, ինչպիսին էր Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ հակամարտությունը 20-րդ դարի սկզբին։
Բացի տնտեսական կոնֆլիկտից, գոյություն ունի պոտենցիալ թեժ կետերի ցանկ՝ ներառյալ Թայվանն ու Հարավ-Կորեական ծովը, որոնք կարող են առաջացնել իրական մարտական գործողություններ։
Մանիշեյան հակամարտությունը, որը բաժանված էր քաղաքական եւ տնտեսական ոլորտների միջեւ, ենթադրում է 20-րդ դարի կեսերի մեծ հակամարտության կրկնությունը, որն ավարտվել էր Միացյալ Նահանգների հաղթանակով եւ Խորհրդային Միության փլուզմամբ։ Սակայն այդ հակամարտությունը գերիշպում էր համաշխարհային քաղաքականության մեջ չորս տասնամյակ շարունակ, եւ վերջնարդյունքում ակնհայտ չէր 1960-ական եւ 1970-ական թվականներին։
Չկա որեւէ երաշխիք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ սառը պատերազմը կընթանա նույն եղանակով կամ կավարտվի նույնկերպ։ Երկու գերտերությունների միջեւ առճակատման մոտեցման կողմնակիցները պետք է զգույշ լինեն իրենց ցանկություններում։





























