Բրիտանիայի իշխանությունները որոշել են կրկին սահմանել պարտադիր երկշաբաթյա կարանտին բոլորի համար, ովքեր ժամանում են Իսպանիայից, քանի որ այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճ է գրանցվել, հաղորդում է BBC-ն։

Բոլոր բրիտանացի զբոսաշրջիկներին, որոնք հանգստանում են Իսպանիայում, խորհուրդ է տրվել վերադառնալ տուն։ Բացի այդ, Բրիտանիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել քաղաքացիներին հնարավորինս խուսափել դեպի Իսպանիա ուղեւորություններից, եթե դրանում չկա անհրաժեշտություն։

Նոր միջոցառումները քննադատության ալիք են բարձրացրել բրիտանական տուրօպերատորների եւ ավիաընկերությունների շրջանում։ Ավելի վաղ նաեւ Իսպանիայում էին հայտարարել Covid-19-ի տարածման դեմ պայքարի նոր միջոցների մասին։

El Pais թերթի հաղորդմամբ՝ Իսպանիայում կարանտինի սահմանափակումները չեղարկելուց հետո կորոնավիրուսով հիվանդների թիվը կտրուկ աճել է, մասնավորապես, Բարսելոնայում, Սարագոսում եւ Մադրիդում։ Եթե հունիսին Իսպանիայի առողջապահության նախարարությունն ամեն օր գրանցում էր շուրջ 250 վարակված ամբողջ երկրում, ապա այս շաբաթ օրական գրանցվել է շուրջ 1500 նոր վարակակիր։