2021 թվականի գարնանը Ֆրանսիայի տարածքում սրճարաններին եւ ռեստորաններին կարգելվի իրենց բաց տեռասներում էլեկտրական տաքացուցիչների տեղադրումը, հայտնում է «ԵվրոՊուլսը»:

Նոր արգելքը պետք է երկրին օգնի էլեկտրաէներգիա խնայել եւ մոտենալ մթնոլորտ ջերմոցային գազերի զրոյական արտանետմանը՝ արդյունք, որին Եվրամիությունը նախատեսում է հասնել 2050 թվականին: Սա նշանակում է, որ ԵՄ երկրներում ջերմոցային գազերի ծավալը չպետք է գերազանցի այն մակարդակը, որը կարող է կլանվել բնական ճանապարհով:

Ֆրանսիայում փողոցային տաքացուցիչներն առանձնապես տարածվել են 2008 թվականից հետո, երբ երկրում ուժի մեջ էր մտել փակ տարածքներում, այդ թվում ռեստորաններում ծխելու արգելքը: Դրանց շնորհիվ սրճարաններն ու ռեստորանները կարողացել էին հաճախորդներին սպասարկել ոչ միայն ամռանը, այլեւ միջսեզոնային շրջանում եւ անգամ ձմռանը: Տաքացուցիչները հատկապես տարածված էին լեռնադահուկային հանգստավայրերում:

Խնդիրն այն է, որ դրանց օգտագործումը բազմակի մեծացնում է ռեստորանի էներգասպառումը:

Այս վատնումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներ արդեն վաղուց են հնչում, եւ կառավարությունը նախատեսում էր արգելքը սահմանել 2020 թվականին: Բայց այն հանգամանքով պայմանավորված, որ շատ ռեստորաններ տուժել են COVID-19 համավարակի ժամանակ, որոշվել էր այն հետաձգել մինչեւ հաջորդ տարվա գարուն, որ հաստատությունների տերերը հասցնեն շտկել իրենց գործերը եւ պատրաստվել նոր կանոններին, օրինակ՝ ավելի շատ ծածկաշալեր գնեն: