Իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ցավալի է համարում «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիի անհաջողությունը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին նա ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ ոչ մի կերպ չի համակերպվում այդ մրցույթում Ադրբեջանի հաղթանակի հետ:
«Հատկապես Ադրբեջանի հաղթանակը ես երբեք չեմ ուղջունում»,-հայտարարեց Մելիքյանը:
NEWS.am-ի ճշտմանը, թե ինչո՞ւ չի ողջունում, Մելիքյանը արձագանքեց. «Որ Ադրբեջանն է, դրա համար էլ չեմ ընդունում: Ուզում եք ինձ անմարդկային անվանեք, ուզում եք ոչ ժողովրդավար անվանեք, ես չեմ ընդունում»,-հայտարարեց նա:
Գ. Մելիքյանը նաեւ կողմ արտահայտվեց լրագրողներից մեկի առաջարկին, որ «Եվրատեսիլ» մրցույթում Հանրային հեռուստատեսության գործունեությունը, որը ֆինանսավորվում է պետական միջոցներով, պետք է քննարկվի խորհրդարանի մակարդակով: Ըստ այդմ` պետք է հստակեցվեն «Եվրատեսիլում» ներկայացվող երգի, երգչի եւ մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթում այս տարի հաղթեց Ադրբեջանը` երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալի «Running Scared» կատարմամբ: Իսկ Հայաստանը ներկայացնող Էմմին մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում պարտություն կրեց եւ չանցավ եզրափակիչ փուլ: «Եվրատեսիլ-2012»-ը, ըստ կարգի, տեղի կուենա այս տարվա մրցույթում հաղթանակ տարած երկրում` Ադրբեջանում:





























