Հանրապետական պագամավոր Գագիկ Մելիքյանը ողջունելի է համարում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 16-ին հայտարարեց ինքը` Գ. Մելիքյանը: «Գաղտնիք չէ, որ դեռեւս 2008-ին ՀԱԿ-ը հայտարարում էր, թե նախագահական ընտրություններում հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլն: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ երկրում ստեղծված լարվածությունը թուլացավ: Սկզբնական շրջանում ՀԱԿ առաջնորդները մերժում էին իշխանության`  երկխոսության կոչերը, սակայն խոհեմությունը  հաղթեց եւ ՀԱԿ-ը համաձայնեց նստել երկխոսության»,-հայտարարեց Մելիքյանը:

Նա նշեց, որ երկխոսությունն ընդունվեց  միջազգային հանրության կողմից եւ նպաստեց երկրի ներքին կայունությանը: Մելիքյանի խոսքով` ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը դեմ են «քաղաքական այն ուժերը, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում` սեփական քաղաքական նկրտումներից ելնելով»: Մելիքյանը նշեց նաեւ, որ երկխոսության արդյունքները պետք է գոհացնեն ողջ հանրությանը, նպաստ բերեն պետության եւ պետականության զարգացմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը:

Նշենք, որ ՀԱԿ ապրիլի 28-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իշխանության հետ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել:  «Ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»։