Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հրադադարի ռեժիմի խախտումներով եւ դիվերսիոն գործողություններով փորձում է իր զինվորականության մոտ կոտրել պարտվողի կարծրատիպը: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում:

«Այդ գործողությունները հայ հասարակությանն ու բանակին, ընդհակառակը, համախմբվելու եւ վճռական գործողությունների առիթ են տալիս, որը մենք լիարժեքորեն իրականացնում ենք: Իհարկե այդ գործողությունները ունեն նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական շարժառիթ»,- նշել է պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացմանը, որի արդյունքում հայ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում` Սեյրան Օհանյանը նշել է. «Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որեւէ կողմին առավելություն չի տալիս: Դիպուկահարների գործողություններին լիարժեք պատասխան է տրվում, սակայն քանի որ այդ գործողությունները վերջին շրջանում մեր հասարակության լայն քննարկման առիթ է հանդիսացել, կցանկանայի նորից կրկնել, որ այդ գործողություններին պատասխան է տրվում անհամաչափ պատժի կիրառմամբ»,- նկատել է նախարարն ու հավելել. «Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձեւով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են եւ պետք է արժանանան նաեւ միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում եւ ազդել բանակցային գործընթացի վրա»: