2010 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ամուսնության 17 964, ամուսնալուծության 3 148 դեպք։ Մայիսի 16-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանում ամուսնալուծությունների շուրջ 10 տոկոսը գրանցվում է ամուսնության առաջին տարում, ինչը պայմանավորված է զույգերի՝ միմյանց լավ չճանաչելու եւ չհասկանալու հանգամանքով։
«Նման վիճակներից խուսափելու համար դեռ խորհրդային տարիներին ես մի ծրագիր ունեի, որ Կարեն Դեմիրճյանի սեղանին էր։ Դրանով առաջարկվում էր ամուսնությունների եւ ընտանիքի կենտրոն կամ հոգեբանի հատուկ ինստիտուտ ստեղծել, որոնք երիտասարդներին կօգնեին լավ ընտանիքներ կազմել եւ հնարավորինս խուսափել ամուսնալուծություններից։ Խորհրդային Ռուսաստանը փորձը վկայում է, որ հոգեբանի ինստիտուտի ներմուծումից հետո ամուսնալուծվել պատրաստվող զույգերի թիվն այդ երկրում մոտ 3 անգամով կրճատվեց»,- նշեց Ադիբեկյանը:
Ամփոփելով՝ սոցիոլոգը նկատեց, որ Հայաստանում ամուսնալուծվում է 10 զույգից 2-ը կամ 18-20 տոկոսը։ «Նման միտում հիմնականում նկատվում է Երեւանում։ Մարզերում ամուսնալուծությունները մոտ 5 տոկոս են կազմում, սակայն ավելանալու միտում ունեն»,- հավաստիացրեց նա։




























