ՀՀԿ-ի հարաբերությունները կոալիցիոն գործընկերների հետ բարձր մակարդակի վրա են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 16-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի կազմակերպած` գիտնականների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքին: Նա նշեց, որ չի կարծում, թե կոալիցիոն կուսակցություններն արդեն որոշել են, թե ինչպես է մասնակցելու առաջիկա խոհրդարանական ընտրություններին: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով, Մելիքյանն արձագանքեց. «Շատ էլ լավ ա արել, որ հայտարարել ա, բայց դեռ բավականին ջրեր կհոսեն: Մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ մեկ տարի ունենք, եւ կարծում եմ, որ հիմնական որոշումները վերջնական եւ վերջին որոշումներն են: Ընթացիկ որոշումներ բոլոր քաղաքական ուժերն էլ կայացնում են»,-նկատեց Մելիքյանը:
Նշենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի երեք իշխող կուսակցությունները կոալիցիոն նոր հուշագիր են ստորագրել, որով ամրագրել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալու եւ 2013-ի նախագահական ընտրություններին երկրի գործող նախագահին սատարելու դրույթները:




























