Մայիսի 21-ին Երեւանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: «Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք եւ թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաեւ բարեկարգմանն ու կանաչապատմանը»,- Այսօր` մայիսի 16-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման եւ կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին: «Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում առկա «բոստանային» տարածքներից: Փոխարենն այդ տեղերում համոզված եմ ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր կունենանք»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով Երեւանի աղբահանության կազմակերպմանը, Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:




























