Երեւան-Բաթում գնացքի տոմսերն այս տարի, հավանաբար, թանկանան մոտ 2000 դրամով։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։
Նրա խոսքով՝ Երեւան-Բաթումը միջազգային ուղերթ է, հետեւաբար՝ տոմսերի արժեքը ուղղակի կապված է շվեյցարական ֆրանկի փոխարժեքի հետ։ Շվեյցարական ֆրանկի արժեւորման պատճառով էլ տեղի կունենա տոմսերի թանկացում։ Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. մայիսի 17-ի սահմանած փոխարժեքով, 1 շվեյցարական ֆրանկն արժե 420,65 դրամ՝ նախորդ տարվա մայիսի 17-ի 337,55 դրամի համեմատ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւան-Բաթում գնացքի տոմսերն արժեին 7,5-24 հազ. դրամի սահմաններում։ Ըստ Մ. Խակովի՝ այս տարի տոմսերի արժեքը կսկսի մոտ 9000 դրամից։
Երեւան-Բաթումի առաջին ուղերթը կիրականացվի հունիսի 15-ին։




























