Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք է գրանցվել երկրի խոշորագույն Օքլենդ քաղաքում կարանտինի հայտարարումից մեկ օր անց, հայտնում է BBC News-ը:
Ավելի վաղ երկիրը ցնցել էր ընտանիքի 4 անդամի վարակման մասին լուրը` երկրում համավարակի հաղթահարումից 102 օր անց: Նշվում է, որ հայտնաբերված նոր դեպքերից 13-ը կապված են այս ընտանիքի հետ, իսկ վարակվածներից մեկն արտասահմանից է եկել:
Այս կապակցությամբ Օքլենդում եռօրյա կարանտին էր հայտարարվել: Բացի այդ, երկրում կրկին խստացրել էր սոցիալական հեռավորության կանոնները:
«Մենք կարող ենք տեսնել իրավիճակի լրջությունը, որում հայտնվել ենք: Այն փորձում են լուծել հրատապ կարգով, սակայն` հանգիստ եւ մեթոդականորեն»,- ասել է վարչապետ Ժասինդա Արդերնը: Նա հավելել է, որ կորոնավիրուսի դեպքերի աճ է ակնկալում, քանի դեռ դրա տեմպը չի դանդաղել:
Բոլոր մարդիկ, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել, կարանտինում են: Կարանտին պարտադիր է նաեւ այն մարդկանց համար, ում հետ նրանք շփվել են:
5 միլիոն բնակչությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման 1500 եւ մահվան 22 դեպք էր գրանցվել: Մայիսի 1-ից երկրին հաջողվում էր զսպել վիրուսի փոխանցումը: Սակայն առողջապահական մարմինները բազմիցս նախազգուշացրել էին մարդկանց չթուլանալ, քանի որ երկրորդ ալիքն «անխուսափելի է»:





























