Երկրում եւ աշխարհում կարեւորագույն քաղաքական իրադարձությունները խոշորագույն ռուսական լրատվամիջոցները (պետության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվող), որպես կանոն, այնպես են լուսաբանում, ինչպես դա պահանջում են Կրեմլում։ Այս կանոնը տարածվում է նաեւ Պետդումայի պատգամավորների եւ Դաշնության խորհրդի անդամների վրա։ Վերջին օրերին կարգավիճակային քաղաքական գործիչները Ալեքսանդր Լուկաշենկոյին բացահայտ քննադատում էին եւ խոսում բելառուսական ընտրությունների կեղծման մասին, իսկ նրանց դիրքորոշումը հեռարձակում էին լրատվական գործակալությունները։ Ընդ որում՝ ռուսական խոշորագույն հեռուստաալիքները բելառուսական իրադարձությունների լուսաբանման ընդհանուր դիրքորոշում չունեն․ որոշները ցուցարարներին «ավազակներ» են անվանում, մյուսները ցույց են տալիս հրապարակներում բազմությանը եւ ներկայացնում ընդդիմադիր ակցիաների մասնակիցներին ռեպլիկները։ «Մեդուզան» պարզել է, որ մեդիան եւ համակարգային քաղաքական գործիչներն այս անգամ Կրեմլից ավանդական մեթոդական ցուցումներ չեն ստացել այն բանի կապակցությամբ, թե ինչպես պետք է խոսեն Բելառուսի իրավիճակի վերաբերյալ, իսկ ռուսական ղեկավարությունը, կարծես, առայժմ հակված չէ աջակցելու Լուկաշենկոյին։
«Ինձ թվում է, որ Ռուսաստանն ապագայի համար կպահպանի ձեռքերի ազատությունն ու իր սեփական ողջախոհությունը, եթե չշտապի Լուկաշենկոյին շնորհավորել այդպիսի ընտրությունների համար»,- Բելառուսում նախագահական ընտրություններից հետո հաջորդ օրը ՌԲԿ-ին ասել էր ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ, կարգավիճակային եդինոռոս Կոնստանտին Զատուլինը։
Զատուլինը «Գազետա․ռու»-ի հետ զրույցում ավելի ուղիղ էր արտահայտվել․ «Նախագահական արշավն ուղեկցվել է տոտալ կեղծմամբ եւ ապատեղեկատվությամբ։ Այսպիսի իրադրությունում խոսել այն մասին, թե Լուկաշենկոն իրականում որքան ձայն է ստացել, սուրճի մրուրում գուշակություն է։ Ակնհայտորեն այդքան չի եղել։ Պատմություններն այն մասին, որ 40 տոկոսը ժամկետից շուտ է քվեարկել, փչոց է։ Այն արդյունքները, որոնք հայտարարվել են, վստահություն չեն ներշնչում»։
Կրեմլին չեզոք եւս մեկ քաղաքական գործիչ, եդնինոռոս սենատոր Ալեքսեյ Պուշկովը իր «Տելեգրամում» կարծիք է հայտնել, որ Բելառուսում «իշխանափոխությունը» հնարավոր է։
«Մեդուզայի» աղբյուրը, որը մոտ է Պետդումայի ապարատի ղեկավարությանը, պարզաբանել է, որ պատգամավորները ոչ մի հստակ ցուցում չեն ստացել ո՛չ ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինից, ո՛չ խմբակցության ղեկավարներից։ Կրեմլը եւս պատգամավորներին մեթոդական եւ թեմատիկ ցուցումներ չի ուղարկել։ Նրա խոսքով՝ գրեթե նույնպիսի իրավիճակ է Դաշնության խորհրդում։
Բելառուսի իրադարձությունները լուսաբանելիս, ի տարբերություն, օրինակ, ուկրաինական թեմայի, միասնական գծի չեն հետեւում նաեւ ռուսական հիմնական լրատվական գործակալությունները։ Օրինակ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն բավականին մանրամասն է լուսաբանում բողոքի ցույցերը, ինչպես նաեւ գրում է ձեռնարկություններում գործադուլների մասին։
ՏԱՍՍ պետական գործակալությունը բողոքի ցույցերն ավելի մանրամասն է լուսաբանում։ Օրինակ՝ նրա լրահոսում տեղադրված է լուր այն մասին, որ ընդդիմադիրները քննչական մեկուսարանի մոտ ողջունել են բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն (Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն, որի կնոջն ընդդիմությունը համարում է նախագահական ընտրություններում հաղթող) եւ նրա համար երգել են «Пусть бегут неуклюже» երգը։ ՏԱՍՍ-ը ընթերցողներին հայտնել է բելառուսական «Կոմսոմոլսկայա պրավդայի» համարի տպագրության տապալման մասին, որում ներկայացվում էին կիրակնօրյա բողոքի ցույցերը։ Գործակալությունը հայտնում է թե՛ գործադուլների, թե՛ ցույցերը լուսաբանող լրագրողների վրա բելառուսական իշխանությունների հարձակումների մասին։
Բելառուսական ցույցերի լուսաբանման հարցում նույնպիսի օրակարգ է ստեղծվել ոչ պետական «Ինտերֆաքսում»․ այնտեղ կան լուրեր գործադուլների մասին, իսկ օգոստոսի 16-ի ցույցերի մասնակիցների թվաքանակը գործակալությունը ներկայացրել է՝ վկայակոչելով բելառուսական անկախ լրատվամիջոցները եւ տելեգրամ ալիքները։
Խոշորագույն լրատվական գործակալություններից մեկի աշխատակիցը «Մեդուզային» պատմել է, որ Կրեմլից ուղղակի ցուցումներ չեն ստացել, թե ինչպես լուսաբանեն ընտրություններից հետո բելառուսական իրադարձությունները․ «Ո՛չ աջակցել Լուկաշենկոյին, ո՛չ փնովել ընդդիմությանն ու ցուցարարներին, ոչ մի բան… Ամեն ինչ թողնված է իրենց՝ գործակալությունների հայեցողությանը։ Այս հատվածում խոսքի ահա այսպիսի ազատություն»։ «Մեդուզայի» զրուցակիցը հավելում է, իհարկե, մեկ շաբաթ հետո, երբ Բելառուսում ցույցերն ուժգնացան, Կրեմլից խնդրանք ստացվեց «[դրանք] հավասարակշռված լուսաբանելու» մասին։
«ՌԻԱ Նովոստի»-ի 2 աշխատակից նույնպես «Մեդուզային» պատմել են, որ խմբագրությունում չկա ոչ մի հստակ մեթոդական ցուցում, թե ինչպես լուսաբանեն Բելառուսում իրադարձությունները՝ որ իրադարձությունների մասին լռեն, որոնք, հակառակը, «թեթեւակի լուսաբանեն»։ Զրուցակիցներից մեկը նման մոտեցումն անվանել է «օբյեկտիվ՝ ուկրաինական իրադարձությունների լուսաբանման համեմատությամբ», մյուսը՝ «չեզոք»։
«Դատելով շարվածքից, ոճից, մեկնաբանություններից, սինքրոններից՝ ես արդեն երկար տարիներ հաշվում եմ, թե ինչպիսին է եղել իշխանությունների կարգադրագիրը ռուսական հեռուստաեթերում իրադարձությունների լուսաբանման համար: Այս անգամ ռուսական հեռուստաալիքները հստակ ցուցում են ստացել՝ ինչպես պարտադիր կարգով եւ ինչ տոներով լուսաբանել Բելառուսի իրադարձությունները՝ աղավաղված, համեմված նողկանքով, հատկապես ընտրությունների առաջին օրը»,-«Էխո Մոսկվի»-ի եթերում ասել է հեռուստաքննադատ Արինա Բորոդինան: Ամենախորշելին, նրա խոսքով, եղել է «Ռոսիա-1»-ը: Ընդ որում, Առաջին ալիքն ու ՆՏՎ-ն պատմել են գործադուլների, բողոքների մասին:
Ռուսական հեռուստաալիքներն իսկապես տարբեր կերպ են լուսաբանում բելառուսական ցույցերը: Դրանում համոզվել են «Մեդուզա»-ի թղթակիցները:
Առաջին ալիքի սյուժեում հեղինակները նշել են, որ Բելառուսի ԿԸՀ-ն հաղթող է ճանաչել Լուկաշենկոյին: Ցույցի մասնակիցներին անվանել են «Լուկաշենկոյի միջուկային էլեկտորատի ներկայացուցիչներ»:
Ցուցարարների քանակի մասին Առաջին ալիքում չեն նշել: Մի քանի անգամ թղթակիցը նշել է «գունավոր հեղափոխություն» արտահայտությունն ու Արեւմուտքի երկրների կողմից աջակցությունը ընդդիմությանը:
«Ռոսիա-1»-ի նորությունների թողարկման ժամանակ ցուցարարներին անվանել են «բադիտներ», իսկ ցույցերը համեմատել Կիեւի Եվրամայդանի հետ:
Սակայն ՆՏՎ-ում նշել են ցույցի մասնակիցների թիվը՝ մի քանի տասնյակ հազար մարդիկ: Սյուժեում հայտնվել են նաեւ ընդդիմադիր ակցիաների մասնակիցների արձագանքները:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 17-ին, ինչպես Ֆեյսբուքի իր էջում նշել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիայի եւ դիզայնի, հաղորդակցությունների ֆակուլտետի պրոֆեսոր Աննա Կաչկաեւան, Առաջին ալիքով «Վրեմյա» հաղորդումը լուսաբանել է Լուկաշենկոյի եւ Մինսկի գործարանի աշխատակիցների չստացված հանդիպումն ու Լուկաշենկոյին ուղղված «Հեռացի՛ր» կոչերը, նշվել է նաեւ գործադուլ անող աշխատակիցներին ծեծի ենթարկելու մասին լուրերը:
Կաչկաեւան հավելել է, որ սյուժեի երկրորդ մասը նվիրված է եղել իրադարձությունների արեւմտյան միջամտությանը:
3 ռուսական հեռուստաալիքների մամուլի ծառայությունները չեն մեկնաբանել Բելառուսում իրադարձությունների նկատմամբ ինֆորմացիոն քաղաքականությունը:
Չնայած արտաքին միջամտության սպառնալիքի մասին հայտարարություններին՝ ՌԴ իշխանություններն այդ իրադարձությունները համարում են բացառապես Բելառուսի ներքին գործը՝ պնդել է իշխանության շրջանակներում «Մեդուզա»-ի զրուցակիցը: «Լուկաշենկոյին չեն սիրում ո՛չ Պուտինը, ո՛չ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջին կաթիլը դարձավ ընտրական քարոզարշավի ժամանակ ՌԴ ղեկավարությանն ուղղված քննադատությունը: Այսօր Լուկաշենկոյին հուսալի գործընկեր չեն համարում»,-ասել է նախագահի վարչակազմի մոտ կանգնած աղբյուրը:
«Ընդ որում, որոշ վախեր կան: Մայդանի վերածումից վախենում են, այդ պատճառով ցույցերը դրական կողմից չեն լուսաբանում»,- հավելել է նա:





























