Ստրկավաճառության եւ դրա վերացման հիշատակի միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է օգոստոսի 23-ին:
Այս ամսաթիվը սահմանվել է 1998 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 150-րդ նստաշրջանի առաջարկությամբ՝ 1791թ․ Սան Դոմինգոյի եւ Հայիթիի ստրուկների ապստամբության օրը, ինչը ստրկության համակարգը վերացնելու գործընթացի սկիզբը դրեց: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին առաջարկում է մասնակցել հիշատակի միջոցառումներին:
Երրորդ հազարամյակի սկզբին ամերիկյան Օհայո նահանգի իշխանությունները այս օրվա կապակցությամբ բացեցին Ստրկության պատմության թանգարանը: 2007 թ. օգոստոսի 23-ին Լիվերպուլում բացվեց Ստրկության միջազգային թանգարանը, որն առաջին հերթին նվիրված է անդրատլանտյան ստրկավաճառությանը: Սենեգալի ափերի մոտ գտնվող Գորի կղզում, որը ստրկավաճառների հիմնական տարանցիկ կետն է եղել, ամեն տարի անցկացվում է ստրկավաճառության զոհերի հիշատակի արարողություն։





























