ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում բողոքի գիշերային ցույցերի ժամանակ երկու մարդու սպանության փաստով կալանավորվել է 17-ամյա սպիտակամորթ դեռահաս, հայտնում է Associated Press-ը։
Նա Իլինոյս նահանգի Անտիոխիա գյուղից Կայլ Ռիթերհաուսն է, գյուղը գտնվում է Քենոշայից մոտ 24 կմ հեռավորության վրա։
Ռիթերհաուսը կասկածվում է առաջին աստիճանի դիտավորյալ սպանության մեջ։
Տեղի ունեցածի հետ կապված Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը հավանություն է տվել Քենոշայում Ազգային գվարդիայի 500 անդամների տեղակայմանը, քաղաքում զինծառայողների թիվը կրկնապատկել է։ Նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ նա աշխատաում է մյուս նահանգների հետ՝ Ազգային գվարդիայի անդամների եւ իրավակարգի պահապանների ներկայացուցիչների թվի մեծացման նպատակով։ Իշխանությունները նաեւ պարետային ժամ են հայտարարել, սակայն ցուցարարներն այն անտեսել են։
Հիշեցնենք, որ զոհվել էր 2 մարդ, մեկը հրազենային վիրավում էր ստացել ամերիկյան Քենոշա քաղաքում (Վիսկոնսին նահանգ) հրաձգության ժամանակ, որտեղ արդեն մի քանի օր փոթորկվում են բողոքի ցույցերը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ պարետային ժամը սկսվելուց հետո Քենոշա քաղաքում անկարգությունները վերսկսվել են կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի վիրավորման հետ։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ։
Վիսկոնսինում ոստիկանների եւ աֆրոամերիկացու միջեւ միջադեպը հանգեցրել է քաղաքում բողոքի զանգավածային ցույցերի, որոնք վերաճել են հրկիզումների եւ ավերածությունների, տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ, որից հետո քաղաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել։





























