Բեռլինի «Շարիտե» կլինիկայի մասնագետները, որտեղ բուժում է ստանում Ալեքսեյ Նավալնին, Բուլղարիայից տվյալներ են խնդրել բիզնեսմեն Եմելյան Գեբրեւի թունավորման վերաբերյալ, հայտնում է Der Spiegel-ը։ Գեբրեւի թունավորման մեջ կասկածում էին ԳՀՎ գործակալներին։ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված գործում նմանություն է դիտվում բուլղարացի ձեռներեց Եմելյան Գեբրեւի դեմ մահափորձի հետ։ Այսպիսի եզրակացության են եկել Bellingcat խմբի, Insider համացանցային պորտալի եւ գերմանական Der Spiegel շաբաթաթերթի հետաքննող լրագրողները։ Այս մասին հաղորդվում է օգոստոսի 26-ի երեկոյան Der Spiegel-ում հրապարակված հոդվածում։

Լրագրողների տեղեկություններով՝ Բեռլինի «Շարիտե» կլինիկայի մասնագետները, որտեղ Օմսկից բուժում ստանալու համար տեղափոխել էին Նավալնուն, իրենց բուլղարացի գործընկերներին խնդրել են տվյալներ տրամադրել սոֆիացի բիզնեսմեն Գեբրեւի թունավորման վերաբերյալ, փոխանցում է DW-ն։

Զենքի առեւտրով զբաղվող Եմելյան Գեբրեւին հոսպիտալացրել էին 2015 թվականի ապրիլի 24-ին այն բանից հետո, երբ նա Սոֆիայում կազմակերպված ընդունելության ժամանակ գիտակցությունը կորցրել էր։ Գրեթե նույն ժամանակ վատթարացել էր նրա որդու եւ Գեբրեւի ընկերության թոփ մենեջերներից մեկի ինքնազգացողությունը։ Բոլորին հոսպիտալացրել էին ծանր թունավորման նշաններով։ Հետագայում Հելսինկիի քիմիական զենքի ուսումնասիրման ուղղությամբ մասնագիտացած լաբորատորիայի մասնագետները Գեբրեւի օրգանիզմում հայտնաբերել էին երկու օրգանոֆոսֆատների (պեստիցիդներ) հետքեր։