Տեսականորեն Հայաստանը կարող է ունենալ միջուկային զենք, սակայն հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ դրա առկայությունը չի լուծի ռազմական խնդիրները, այլ կբարձրացնի փոխադարձ ոչնչացման եւ համաշխարհային աղետների ռիսկերը: Այս մասին օգոստոսի 27-ին առցանց սեմինարի ժամանակ հայտարարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է նրանով, որ եթե Երեւանին թույլատրվի նման զենք ստեղծել, ապա դա կթույլատրվի նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին: «Իսրայելը ունի 100 միավոր միջուկային զենք, սակայն դա նրանց Պաղեստինի հետ հակամարտության մեջ ռազմական գերակայության տեսակետից ոչինչ չի տալիս, քանի որ այն չի օգտագործվելու մարտերում»,- ընդգծել է նա:
Արեգ Դանագուլյանը նշել է, որ միջուկային զենքի թեման ամբողջ աշխարհում կրկին արդիական է դառնում, սակայն կարեւոր է հասկանալ, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է բառացիորեն 1000 անգամ ավելի կործանարար լինել, քան Երկրորդ համաշխարհայինը, եթե այդպիսի զենք կիրառվի: «Մեկ սուզանավը կրում է 48 անգամ ավելի հզոր միջուկային ռումբ, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայթեցված բոլոր ռումբերի գումարային հզորությունն է: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ընդհանուր առմամբ, ունեն 20 նման սուզանավեր:
Այս բոլոր զենքերի օգտագործումը կհանգեցնի աշխարհում 200 միլիոն մարդու մահվան, ինչպես նաեւ ջերմաստիճանի անկման՝ մինչեւ 20 աստիճան, որը 10 տարի չի բարձրանա: Դա, իր հերթին, համատարած սովի պատճառ կդառնա, քանի որ գյուղատնտեսությունը անկում կապրի: Միջուկային պատերազմում հաղթող չի լինի»,- եզրափակել է ֆիզիկոսը:
Հիշեցնենք, որ Հայազգի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) նրա գործընկերները Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիայի (Arms Control Association) կազմակերպած ամենամյա մրցույթի շրջանակում ճանաչվել են տարվա անհատներ (2019 Arms Control Persons):
Դանագուլյանը եւ նրա թիմը անվանակարգի են ներկայացվել նեյտրոնային փնջերի օգտագործմամբ միջուկային սպառազինության ստուգման նոր ինովացիոն պրոցեսի մշակման իրենց աշխատանքի համար:
Այս տարի մյուս հավակնորդների թվում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Շվեդիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ կոնգրեսականներ եւ սենատորներ:





























