«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը վատացրել է տնտեսական վիճակի մասին իր կանխատեսում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով՝ հունիսին հրապարակված հետազոտության համաձայն՝ տնտեսական անկումը պետք է կազմեր 2,3%: Իսկ այժմ ընկերությունը կանխատեսում է մինչեւ տարեվերջ 4,3-4,5% անկում:
Մեկնաբանելով կանխատեսման վատացման պատճառները՝ նա նշեց, որ նախորդ կանխատեսման պատրաստման պահին մասնագետները կանխատեսել են ավելի կտրուկ անկում եւ արագ վերականգնում: Իսկ իրականում անկումն այդքան չի եղել, եւ վերականգնումը եւս դանդաղ է ընթացել: «Փաստացի երկրորդ եռամսյակում անկումը եղել է ավելի ցածր մակարդակում, սակայն այն շարունակվել է նաեւ հուլիսին»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ փորձագետները նման իրողությունների պայմաններում կտրուկ վերականգնում չեն կանխատեսում՝ այդպիսով մեծացնելով անկման կանխատեսվող մակարդակը:





























