Օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապլոմբով շնորհավորեց իսլամական Նոր տարին: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նա եւս մեկ բուզանդական եկեղեցի մզկիթի վերածեց: Դրանից մեկ օր անց նա հայտարարեց Սեւ ծովում բնական գազի հանքավայր հայտնաբերելու մասին, գրում է Time ամսագիրը:
Ավելի ուշ այս շաբաթ Էրդողանը ողջունեց Անկարայում «ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությանը, աջակցություն հայտնեց պաղեստինցիներին Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագրի ստորագրման ֆոնին:
Այդ բոլոր քայլերը ցույց են տալիս Էրդողանի աշխարհընկալումը, որի հիմքում ընկած է իսլամիստական իշխանությունը:
Իսլամական Նոր տարին ցույց տվեց, որ Էրդողանը մեծացրել է սոցցանցերի ազատության հսկողությունն ու մտադիր է Թուրքիան դուրս բերել 2011թ. կնքված այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայից, որը երկիրը պարտավորեցնում է պաշտպանել կանանց ընտանեկան բռնությունից:
Շատ է խոսվել Էրդողանի՝ Օսմանյան կայսրությունը «վերածնելու» կամ իրեն սուլթան հռչակելու փորձերի մասին: Սակայն քաղաքական օրակարգն ու Էրդողանի աշխարհայացքը հասկանալու համար պետք է հստակեցնել՝ օսմանյան ինչ սուլթան է ձգտում դառնալ Էրդողանը: Եվ դա կայսրության 9-րդ սուլթան Սելիմ I-ն է:
Պետք է զգուշանանք նրանից, որ Էրդողանն ընդունել է Սելիմի տեսլականը՝ քաղաքականություն, որը հանգեցրել է տարածաշրջանային պատերազմների, կրոնական փոքրամասնությունների ոչնչացման: Դրան հավելենք բնական գազի պաշարները մոնոպոլիզացնելը: Թուրքիայում այսօր այդ քաղաքականությունը կիրառում են Էրդողանի արտասահմանյան ռազմական արշավներում՝ Լիբիայում, Սիրիայում եւ Եմենում: Իսկ տանը Էրդողանը հետապնդում է շիական համայնքին, քրդերին, ինտելեկտուալներին, քրիստոնյաներին, լրագրողներին, կանանց եւ ձախականներին:
Էրդողանին դուր է գալիս Սելիմը, քանի որ նա հնարավոր դարձրեց Թուրքիայի գլոբալ քաղաքական ազդեցությունը: 1517 թվականի մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի վերջը Օսմանյան կայսրությունը պահպանել է աշխարհագրական սահմանները, որոնք նվաճել է իր համար Սելիմը:
1517 թվակականին օսմանները հաղթեցին տարածաշրջանում իրենց գլխավոր մրցակցին՝ մամլյուկներին, եւ գրավեցին նրա ամբողջ տարածքը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Այդպիսով գրեթե երկու անգամ մեծացավ կայսրության չափը:
Այն դեպքում, երբ ժամանակակից թուրք ղեկավարները հեռանում էին Օսմանյան կայսրության եւ իսլամի ժառանգությունից՝ փորձելով «արեւելյան», «ժամանակակից» հանրապետություն ստեղծել, Էրդողանն առաջինն էր, ով ակտիվորեն ընդունեց օսմանյան անցյալն ու կայսրության իսլամական ժառանգությունը:
Մամլյուկների նկատմամբ Սելիմի հաղթանակը կայսրությունը դարձրեց պետություն, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլմաններ էին:
Այդ հաղթանակով Սելիմը դարձավ օսմանյան առաջին սուլթանը, ով ղեկավարեց Մեքքան եւ Մեդինան՝ իսլամի սրբազան քաղաքները, եւ այդպիսով ստացավ խալիֆի տիտղոս եւ ամրապնդեց կայսրության իսլամական վարկանիշը:
Էրդողանը Սելիմի պատվին անվանեց Բոսֆորի նեղուցի վրա վերջերս կառուցված կամուրջը: Նա նաեւ ահռելի միջոցներ ծախսեց Սելիմի գերեզմանի եւ նրա այլ հուշարձանների համար: 2017 թվականին սահմանադրական հանրաքվեում հաղթանակից հետո, որը զգալիորեն ընդլայնեց նրա լիազորությունները, Էրդողանն առաջին անգամ հայտնվեց Սելիմի գերեզմանի մոտ: Դա ուխտագնացություն էր: Էրդողանը վերադարձրեց վաղուց մահացած ղեկավարի կաֆտանն ու տյուրբանը, որոնք գողացել էին շատ տարիներ առաջ:
Սելիմի ծրագրին նման քաղաքական ծրագրի ստեղծումը վտանգավոր հեռանկար է Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի եւ ընդհանուր առմամբ աշխարհի համար: Թուրքիան կրկին օսմանական դարձնելու համար բռնություն, գրաքննություն եւ համառություն է պահանջվում, ինչը Էրդողանը պատրաստ է գործի դնել:





























