«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրությանը եւ 2020թ. հունիսի 18-ի «Հոգեբուժական օգնության» մասին օրենքում փոփոխություններին տվյալ օրենքի համապատասխանության անհրաժեշտությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Տվյալ փոփոխությունների համաձայն՝ 16-ամյա երեխան կարող է հոգեբուժական միջամտության կամ դրանից հրաժարման մասին գրավոր համաձայնություն տալ այն դեպքում, եթե՝

հոգեբույժի խոսքով 16 տարեկանից բարձր երեխան ունակ է հասկանալ հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները;

այդ տվյալները նրան չեն վնասում;

նպաստում են հոգեբուժական օգնությանը եւ տարբեր ծառայություններին:

«Ներկայիս հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարեկանից բարձր երեխային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում է իրականացվում հարկադիր հոսպիտալացման կարգին համապատասխան, որը սահմանված է «Հոգեբուժական օգնության եւ ծառայությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածով, եւ որ հարկադիր հոսպիտալացման կարգին համապատասխան, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն հոգեբուժական միջամտության անհրաժեշտություն է առաջացել»,-պարզաբանեց Ավանեսյանը:

Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, մինչեւ 16 տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Միեւնույն ժամանակ, հոգեբուժական աջակցության եւ ծառայությունների տրամադրման ժամանակ պարտադիր հաշվի կառնվի երեխայի կարծիքը:

Կարճատեւ քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: