ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը վաղուց չի ուրախացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եւ Սպիտակ տան պաշտոնյաները զրուցել են վետերանների գործերով նախարար Ռոբերտ Ուիլքիի հետ՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու մասին, եթե Թրամփը որոշի աշխատանքից ազատել Էսպերին, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով երեք բարձրաստիճան աղբյուրների:
Աղբյուրները նշում են, որ Թրամփը այս նշանակման հնարավորությունը օգոստոսին Սպիտակ տանը քննարկել է հենց Ուիլքիի հետ:
Նրանք նաեւ նշել են, որ Ուիլքին բարձր մակարդակով բանակցություններ էր վարում ԱՄՆ հաջորդ պաշտպանության նախարարի պաշտոնում իր նշանակման վերաբերյալ:
Այս քննարկումների ընթացքում հնչել է նաեւ Մարկ Էսպերի պաշտոնանկության դեպքում Ուիլքիին Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու գաղափարը:
Հեռուստաալիքը նշում է, որ Ուիլքիին Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը Թրամփին հնարավորություն կտա աշխատանքից հեռացնել Էսպերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կամ նույնիսկ ավելի վաղ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում արդեն բավականին վաղուց է շրջանառվում Պենտագոնի ղեկավարի հավանական պաշտոնանկության հարցը, սակայն ինչպես Էսպերն ինքը, այնպես էլ ԱՄՆ իշխանությունները հերքում են այդ տեղեկատվությունը:





























