Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտե է ստեղծվելու:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության գլխավոր տնօրինության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Լուիջի Սորեկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծման հարցը: Հայաստանը չորրորդ երկիրն է լինելու, որտեղ ստեղծվելու է նման ենթակոմիտե, որը կնպաստի արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը:

Արթուր Բաղդասարյանի առաջարկով որոշվել է մշակել ենթակոմիտեի աշխատանքային ծրագիր, որը կներառի համապատասխան գործողությունների ժամանակացույց:

Քննարկվել են նաեւ ենթակոմիտեի ձեւավորման եւ գործունեության ընթացքում Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Կարեւորվել է սահմանների կառավարման, Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հարցերը: