2020 թվականի վերջին ԱՄՆ իշխանությունները կկարողանան ամերիկացիներին բաշխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գոնե 100 մլն դեղաչափ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Հենց Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) պատվաստանյութին հավանություն տա․․․ մենք կկարողանանք 2020 թվականի վերջին բաշխել 100 մլն դեղաչափ, այս դեղաչափերի մեծ քանակություն բաշխվելու է շատ ավելի վաղ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ։

Չորեքշաբթի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութով ամերիկացիներին լայնորեն ապահովելը հնարավոր կլինի միայն հաջորդ տարվա կեսին կամ նույնիսկ փոքր-ինչ ավելի ուշ։

Ի պատասխան լրագրողի՝ СDC տնօրենի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռեդֆիլդի խոսքը կարող էին սխալ մեկնաբանել, կամ նա սխալ է թույլ տվել՝ ներկայացնելով պատվաստանյութի բաշխման ժամկետները։

ԱՄՆ առողջապահության եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխումը կսկսվի կարգավորող մարմինների թույլտվությունը ստանալու պահից սկսած մեկ օրվա ընթացքում։ Սպասվում է, որ արդեն 2020 թվականի վերջին հասանելի կլինի պատվաստանյութի սահմանափակ քանակությամբ դեղաչափ։