Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր:

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-ասել էր նա։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ առավոտյան նորից հրթիռակոծվել է Ստեփանակերտը։