Մենք հնարավորություններ ենք ստեղծում Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային պատվաստման համար: Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ մեր գործընկերները պետք է առաջին երկրներից լինեն, որոնք ռուսական պատվաստանյութեր կստանան` Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո: Այս մասին հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք շարունակում ենք աշխատել եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությամբ: Առաջնայինը շուկայի ընդհանուր ամրապնդումն է, Միության բոլոր անդամ պետությունների կայուն զարգացումը: Այժմ դժվար ժամանակներ են, համընկել է միանգամից մի քանի գործոն. դա կորոնավիրուսի պատճառած համաշխարհային ճգնաժամն է, դա արտաքին միջամտությունն է Բելառուսի գործերին, իրավիճակի սրումն է Ղարաբաղում, դրամատիկ իրադարձությունները Ղրղզստանում: Եվ իհարկե, նման պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել մեր միասնությունը եւ բարեխիղճ ջանքերով գտնել այդ դժվար մարտահրավերների պատասխանները: Մենք նույնիսկ հիմա ենք հավատարիմ փոխօգնության ավանդույթին: Ռուսաստանը երկրներին կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգեր էր փոխանցել, մեր բժիշկները եկել եւ աշխատում էին Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում, Մոլդովայում` մեր արտասահմանցի գործընկերներին օգնելու համար: Փոխադարձ համագործակցության այս փորձը հատկապես կարեւոր է հիվանդացության աճի ֆոնին, եւ անհրաժեշտության դեպքում «հնգյակի» պետությունները պատրաստ կլինեն օպերատիվ միջոցներ ձեռնարկել: Մենք ընդհանուր նպատակ ունենք` պահպանել մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,- հավելեց նա:





























