Անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել: Սա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, մեր ժողովրդի եւ պետության անվտանգության միակ երաշխիքն է: Այս մասին NEWS.a -ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Ամենաբնորոշ եւ խորհելու առիթ տվող հայտարարություններից մեկը, առանց չափազանցության, կարելինէ ասել Պոմպեոյի հայտարարությունն է: ԱՄՆ-ի անունից նա հայտարարում է, որ առաջին հերթին ինքը դժգոհ է Թուրքիայի դիրքորոշումից, հայտարարության իմաստը սա է: Որ Թուրքիայի ներգրավվածությունն ավելի է խորացնում հակամարտությունը: Հույս է հայտնում, որ հայերը կկարողանան դիմակայել եւ հաղթել պատերազմում: Փաստորեն, կարող ենք ենթադրել, որ նա մի տեսակ քարտ-բլանշ է տալիս. նա չի խառնվում, բայց մեզ հաղթանակ է ցանկանում: Դա մի կողմից նշանակում է, որ մենք ցանկացած երկրի հետ կարող ենք խորացնել ցանկացած տեսակի հարաբերություններ, քանի որ դրված է մեր ապագայի, մեր երեխաների, Արցախի, մեր ժողովրդի ապագայի հարցը: Մենք, բնականաբար, կխորացնենք հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի, Իրանի, նույն ԱՄՆ-ի հետ: Բայց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է, որը մենք հերթական անգամ տեսնում ենք այս հակամարտության ընթացքում:

Հայ եւ ռուս ժողովուրդները մեկ անգամ չէ, որ առաքելություններ են իրականացրել քաղաքակիրթ հանրության առջեւ՝ փրկելով աշխարհը տարբեր տեսակի պատուհասներից՝ լինի դա շագանակագույն, թե որեւէ այլ: Տարբեր հարաբերակցությամբ, բայց միասին, եւ այդպես էլ պետք է արվի ապագայում:

Մյուս կողմից, եւ սա արդեն հարցեր է առաջացնում, թե ինչու Վաշինգտոնը կտրուկ հանդես չի գալիս Անկարայի գործողությունների դեմ: Փաստորեն, Պոմպեոյի խոսքերից հետեւում է, որ Վաշինգտոնը Թուրքիայի պարտությունն է ցանկանում: Այդ դեպքում ինչո՞ւ դատապարտում չկա: Կոշտ արձագա՞նք։ Չէ՞ որ Թուրքիան վնասում է ԱՄՆ-ին: Նա սկսում է ռազմական գործողություններ, որոնք հղի են տարածաշրջանային եւ նույնիսկ համաշխարհային նշանակության հեռուն գնացող հետեւանքներով՝ առանց ԱՄՆ-ին տեղյակ պահելու: Իսկ գուցե տեղյա՞կ է պահել: Դժվար թե։ Բայց հարցերը շատ են: Եթե տեղյակ չի պահել, դա կարելի է գնահատել որպես ԱՄՆ-ի թուլության, դաշնակիցներին եւ որոշ տարածաշրջաններում գլոբալ անվտանգությունը վերահսկելու անկարողության դրսեւորում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Պատասխանելով այն հարցին, թե չեն համընկնում արդյոք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը՝ հակառուսական դեմարշի տեսանկյունից, նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական մրցակիցներ են, ինչը արտացոլված է Միացյալ Նահանգների բոլոր ռազմաքաղաքական փաստաթղթերում: «Բայց այս համատեքստում նման առճակատումները գլոբալ անվտանգության սպառնալիքներ են պարունակում: Ռուսաստանը Սիրիա չէ, Իրաք չէ: Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ Ռուսաստանի դեմ նման քայլեր ձեռնարկելը արկածախնդրություն է, ընդ որում՝ շատ վտանգավոր: Ուստի Վաշինգտոնը պարզապես պարտավոր է արձագանքել: Հնարավոր է՝ դա տեղի ունենա ընտրություններից հետո: Բայց իրավիճակն անտեսելը սխալ է: Պասիվ դիրքը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ընդհուպ տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտությամբ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ այլ երկրների ներգրավվածությամբ»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում հնարավոր լինի դադարեցնել պատերազմը, Թուրքիան ստիպված կլինի մեղավոր կերպարով խոնարհվել Ամերիկայի առաջ, բացատրել, որ Անդրկովկասում իր ամրապնդումը նրա շահերից է բխում: Բայց դա ավելի ուշ: Իրավիճակը մոտավորապես նույնն էր, երբ Գորբաչովը սկսեց պերեստրոյկան: Պետական կառավարման եւ արտաքին քաղաքական վեկտորների ամբողջ համակարգը ցնցվեց: Մի՞թե Արեւմուտքում նույն բանն է կատարվում: Քանի որ թուրքերը իրենց բնույթով, որպես պետություն, «գիշատիչներ» լինելով, ունեն շատ զարգացած աշխարհաքաղաքական հոտառություն: Նրանք զգում են, որ ԱՄՆ-ը զբաղված է ներքին խնդիրներով, եւ որ ԱՄՆ-ի դիրքերը հնարավոր է թուլացած են: Տեսնում են Բելառուսում խնդիրները: Հայտնվել է Զելենսկի-Էրդողան հերթական դաշինքը՝ Ղրիմի հիշատակմամբ: Հզոր հակառուսական ալիք: Խնդիրները Ղրղըզստանում: Այս ֆոնին Թուրքիան ճակատ է բացում Անդրկովկասում: Այն, ինչ նրանք չհամարձակվեցին անել 1941 թվականին: Այն ժամանակ նրանք ավելի իմաստուն վարվեցին: Ավելին, ժամանակի միջով ավելի հեռուն գնալու դեպքում՝ եթե չլիներ Ռուսական Կայսրության փլուզումը, Թուրքիան որպես պետություն չէր լինի: Իսկվ հիմա գնում են այս արկածախնդրությանը:

Սա ի՞նչ է։ Սխալ հաշվա՞րկ, թե՞ հոխորտանք: Մինչեւ որոշակի պահ ցուցաբերել ագրեսիա եւ հիստերիա, ապա կտրուկ շրջվել: Թուրքիան երբեք իր առջեւ մեկ նպատակ չի դնում: Նա դնում է մի քանի նպատակներ եւ գործում է ըստ հանգամանքների: Այսինքն մի նպատակը փորձել ոչնչացնել Արցախի պետականությունը: Մեկ այլ նպատակ է Անդրկովկասում, Ադրբեջանում ամրապնդվելը: Սկզբունքորեն երկրորդ նպատակն արդեն իրականացվել է, նրանք չեն պատրաստվում կամավոր հեռանալ Ադրբեջանից: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Թուրքիան այժմ ի վիճակի է միայնակ իրականացնել իր հավակնոտ ծրագրերը եւ գրավել ողջ Հարավային Կովկասը: Այս համատեքստում դա իրոք կարող է հանգեցնել տարածաշրջանային բախման: Միամտություն է կարծել, թե Մոսկվան եւ Թեհրանը հանգիստ կնստն եւ կնայեն, թե ինչպես է Թուրքիան իրականացնում պանթուրքիստական կայսրություն ստեղծելու եւ Հարավային Կովկասը գրավելու իր ծրագիրը: Այնուհետեւ Թուրքիայի ախորժակները կտարածվեն Հյուսիսային Կովկասի վրա: Մենք արդեն ասել ենք մեր ռուս եղբայրներին՝ եթե թուրքերին այստեղ չկանգնեցնենք, հաջորդ ճակատամարտը կլինի Կուլիկովոյի դաշտում»,- արձանագրեց Դավիթ Բաբայանը:

ԶԼՄ-ներում բազմիցս հաղորդագրություններ են հայտնվել Աֆղանստան ադրբեջանական ինքնաթիռների թռիչքների եւ ենթադրաբար այնտեղից զենքի ու զինյալների տեղափոխման մասին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է դա հնարավոր, հաշվի առնելով, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացվում, Բաբայանը նշեց, որ դրանք հարցեր են, որոնք պատասխանի կարիք ունեն: «Միգուցե նրանց հաջողվել է համաձայնության գալ թալիբների հետ, այդ մասին նույնպես հաղորդվեց: Եւս մեկ հարց ՆԱՏՕ-ին՝ իսկ դուք գիտեի՞ք էիք պատերազմ սկսելու Թուրքիայի ծրագրերի մասին: Ասում են, որ չգիտեին: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ չգիտեիք: Դա դաշինքի շահերի անտեսո՞ւմ է, թե՞ թուրքերը որոշել են, որ ՆԱՏՕ-ն այդքան թուլացել է: Երկրների եւ կազմակերպությունների իմիջին հարվածները անխուսափելիորեն հետեւանքներ են ունենում: Բազմաթիվ հարցեր կան, եւ Պոմպեոյի հայտարարությունից հետո դրանք էլ ավելի շատացան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: