Պոլսո Հայոց պատրիարքարանը 550-ամյակի տոնակատարությունների շրջանակներում հայկական եկեղեցիների վերականգնելու համար Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է հանձնել Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի Քումքափը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո Զաքեոս աբեղան Պոլսո փոխպատրիարք Արամ Աթեշյանի ուղերձն է ընթերցել` Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլին հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնելով: «Շիշլիում մատուցած ծառայությունների շարքում հարգանքի է արժանի նաեւ ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին նրա ցուցաբերած նյութական եւ բարոյական աջակցությունը: Եկեղեցիների վերանորոգումը, դպրոցների, ազգային փոքրամասնությունների համայնքների սոցիալական միջոցառումներին նրա կողմից իրականացված աջակցությունը անհնար է չափել նյութական կողմով»,-նշվել է ուղերձում:

Զաքեոս աբեղայի խոսքից հետո Մուսթաֆա Սարըգյուլը հատուկ ծառայությունների համար տրվող մեդալը ստացել է Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանից: «Ձեզի շատ գսիրեմ»,- իր շնորհակալական խոսքում հայերենով ասել է Մուսթաֆա Սարըգյուլը` դառնալով այդ մեդալն ստացող առաջին մահմեդականը: