Թուրքիայի տնտեսական խնդիրները չեն կարող լուծվել կենտրոնական բանկի ղեկավարին եւ ֆինանսների նախարարին փոխելով, որովհետեւ նախագահ Թայիփ Էրդողանի ավտորիտար շեղման պատճառով ինստիտուտները կորցրել են անկախությունն ու վստահությունը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է երկրի էկոնոմիկայի նախկին նախարար, Էրդողանի նախկին դաշնակիցներից Ալի Բաբաջանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը չունի լիրայի անկման եւ արտարժույթի պահուստների տագնապալի անկման դեմ պայքարելու հետեւողական ռազմավարություն, եւ Թուրքիան լավ տարբերակներ չունի, եթե չվերականգնի վստահությունը ու ներդրումներ չներգրավի:
Էրդողանը աշխատանքից հանել է կենտրոնական բանկի նախագահին եւ ընդունել է իր փեսայի եւ ֆինանսների նախարարի հրաժարականը, երբ լիրան ընկավ ռեկորդային ցածր մակարդակի այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը որոշեց չբարձրացնել իր տոկոսադրույքը:
«Հաշվի առնելով ներկայիս քաղաքական կառուցվածքը՝ կառավարության համար շատ ու շատ դժվար կլինի իրավիճակը շտկել պարզապես տնտեսության կառավարման մեջ մի քանի հոգու փոխելով»,- ասել է Բաբաջանը:
Թուրքիան այս տարի ծախսել է 100 միլիարդ դոլար՝ փորձելով զսպել լիրայի անկումը եւ խուսափելով դրամավարկային քաղաքականության խստացումից:
Վերլուծաբանները նշում են, որ կենտրոնական բանկը պետք է բարձրացնի իր հիմնական տոկոսադրույքը, որը կազմում է 10,25%, ինչը ցածր է մոտ 12% ինֆլյացիայից: Բայց Բաբաջանն ասել է, որ դրա համար կպահանջվի Էրդողանի օրհնությունը, որը քննադատում է բարձր տոկոսադրույքները գնաճի մեծացման մեջ: Անցյալ տարի նա աշխատանքից հեռացրել էր բանկի կառավարչին՝ տոկոսադրույքները չիջեցնելու համար:
«Նախագահ Էրդողանը ստիպված կլինի ընտրել երկու տարբերակ՝ իր քաղաքական կապիտալի վատթարացում (տոկոսադրույքների աճով) կամ Թուրքիայի տնտեսական եւ ֆինանսական համակարգի վատթարացում»,- ասել է Բաբաջանը:
Դրույքների բարձրացումը վտանգում է հետագայում ավելի խեղդել COVID-19 համավարակից տուժած տնտեսությանը, բայց վերլուծաբանները ասում են, որ կենտրոնական բանկի նորանշանակ ղեկավար Նաչի Աղբալը ընտրություն չունի, եթե Թուրքիան ցանկանում է խուսափել արտարժույթի շուկայում հետագա ցնցումներից:
Չորեքշաբթի իր ելույթում Էրդողանը խոստացել է աճի նոր ռազմավարություն, որը կֆինանսավորվի միջազգային ներդրումների միջոցով՝ ընդգծելով պահուստների ավելացման անհրաժեշտությունը: Բայց նա կրկնել է իր պնդումը, որ տոկոսադրույքներն են «ինֆլյացիայի պատճառը»:
«Ժողովրդավարական համակարգում բոլոր հակակշիռները բավականին արագ գոլորշիացել են՝ թողնելով Թուրքիային մեկ անձի բնազդների, հույզերի եւ անձնական համոզմունքների ենթակայության տակ»,- ասել է Բաբաջանը:
Ըստ Բաբաջանի, եթե Էրդողանը չկարողանա նոր ներդրումներ եւ արտարժույթի ներհոսք գտնել, ապա նրա համար դժվար կլինի վերականգնել ֆինանսական կայունությունը:
Կարճաժամկետ հեռանկարում ավելի բարձր եկամտաբերություն փնտրող ներդրողները կարող են վերադառնալու գայթակղություն ունենալ, «եթե հույսի մի փոքր լույս տեսնեն» թուրքական շուկաներում: Բայց ցանկացած կայուն վերականգնում կպահանջի համակարգային վերակառուցում:




























