Ֆրանկֆուրտի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել COVID-19-ի զսպման համար կարանտինային միջոցներից բողոքող ցուցարարների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

Քաղաքի կենտրոնում հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք դիմակներով չեն եղել եւ հեռավորություն չեն պահպանել: Բազմաթիվ նախազգուշացումներից հետո ոստիկանությունը ցույցն ավարտված է հայտարարել եւ ցրվելու կոչ է արել:

«Գետեպլացն ու Ռատենաուպլացը ազատելու կոչերը մնացին չկատարված, մենք ստիպված եղանք ջրցան մեքենա օգտագործել տարածքը մաքրելու համար»,- պարզաբանել են ոստիկանությունում:

Ուժայիններն ընդգծել են, որ բազմիցս նախազգուշացրել են հատուկ սարքավորումների հնարավոր օգտագործման մասին, եթե ամբոխը չցրվի:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի վերջին հայտարարել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչեւ նոյեմբերի վերջը «սահմանափակ կարանտին» մտցնելու մասին: