Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին քննարկել են Լեհաստանի նախագահի Հայաստան այցի հետ կապված Երեւանում կայանալիք միջոցառումների կազմակերպման խնդիրները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով քաղաքապետարանի կողմից ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ եւ ներկայացնելով գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակը, Կարեն Կարապետյանը նշել է, որ  Երեւանն այսօր իրականում բաց է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար եւ իր շահագրգռվածությունն է հայտնել, որ  լեհական ընկերությունները եւս մասնակցեն մայրաքաղաքի տնտեսության մեջ իրականացվող զարգացման եւ ներդրումային ծրագրերին: 

Կարեւորելով հայկական կողմի պատրաստակամությունն ու որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները,  դեսպանը հույս է հայտնել, որ այսուհետ էլ ավելի կսերտանան եւ գործնական ընթացք կստանան երկկողմ հարաբերությունները Երեւանի եւ Լեհաստանի քաղաքների միջեւ: