Մոսկվան չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը վերջին ամսում՝ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրից առաջ, բազմիցս շարադրվել է համանախագահող երկրների նախագահների, նախարարների, հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Դա դիրքորոշում էր հօգուտ արյունահեղության անհապաղ դադարեցման եւ հրադադարի վերահսկման մեխանիզմի մշակման։ Այն, այնուամենայնիվ, քաղաքականապես եւ հոգեբանորեն ազդում էր իրավիճակի վրա։ Ով ինչպես էլ վերաբերվի մեր արեւմտյան գործընկերներին, նրանք տարածաշրջանի երկրների վրա ազդեցություն ունեն։ Այդ կոչերը, չնայած եւ այդ շրջանում չունեին նյութական ձեւակերպում, կարեւոր քաղաքական դեր են խաղացել պայմանների ստեղծման համար, որ վերջնարդյունքում պայմանավորվածությունը գործի, որը համաձայնեցվել է Ռուսաստանի տիտանական ջանքերի շնորհիվ։ Այն գործում է։
Լեռնային Ղարաբաղի թեմայով վերջին օրերին ամերիկացի եւ ֆրանսիացի իմ գործընկերների հետ շփումներում, ճիշտ նույն կերպ նաեւ նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի շփումներում ակնհայտորեն դուրս է սպրդում խոցված ինքնասիրությունը։ Սա տխրեցնող է։ Ես վերջին օրերին արդեն 2 անգամ խոսել եմ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժ․-Ի.Լե Դրիանի հետ։ Փորձել եմ նրան բացատրել, որ մենք մտահոգվում ենք, որ մարդիկ չզոհվեն, մարդիկ չավերեն հայրենի վայրերը, որ մեծ թվերով՝ տասնյակ հազարներով չհամալրվի փախստականների եւ տեղահանվածների թիվը։ Իրավիճակում, երբ խոսքը տառացիորեն րոպեների մասին էր (այդ րոպեներից յուրաքանչյուրը գին ուներ մարդկային կյանքի տեսքով), զանգահարել Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվել այն մասին՝ կաջակցեն այս կամ այն ձեւակերպումը․․․ Այսպիսի պահանջներ առաջ քաշելը ճիշտ չէ, էթիկական չէ պարզ մարդկային բարոյականության տեսակետից։
Ցավոք, քաղաքականության մեջ հաճախ գերակշռում է «փայլելու», ինչ-որ արագ նախաձեռնություն ցուցաբերելու, «ներքաղաքական ջեքփոթը կտրելու», Եվրամիության նման որոշ բազմակողմ կառույցներում իրենց իրենց դիրքերն ամրապնդելու, իր լիդերությունն վերահաստատելու ձգտումը եւ այլն: Սա ցավալի է: Իհարկե, մենք եւս ուրախ ենք, երբ Ռուսաստանն անում է մի բան, որը ստանում է միջազգային հանրության աջակցությունը: Բայց սա այն հիմնական նպատակը չէ, որով մենք առաջնորդվում ենք: Ոչ Սիրիայում, ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ էլ այլուր: Մեզ մոտ մեր պրեստիժն ամրապնդելու եւ ցուցադրելու ձգտումները որեւէ նշանակալի դեր չեն խաղում: Հավանաբար, միշտ էլ հաճելի է, երբ ինչ-որ բան ստացվում է, եւ մարդիկ ճանաչում են քո հաջողությունը: Բայց մեզ համար գլխավորն այն է, որպեսզի կոնֆլիկտներ եւ ճգնաժամեր չլինեն, որպեսզի ոչ ոք չմահանա, որպեսզի կայունություն լինի մեր սահմանների շուրջ, բայց` ոչ միայն:
Նույն Սիրիայում օրինական կառավարության` նախագահի խնդրանքին դրականորեն արձագանքելու մեր որոշումը թելադրված էր, նախեւառաջ, այսպես կոչված «արաբական գարնան» հետագա զարգացման աղետալի բնույթի, բոլոր երկրների վրա դրա տարածման եւ ավելի ու ավելի շատ երկրներում պետականության քայքայման ըմբռնումով: Այս առանցքային տարածաշրջանի աշխարհաքաղաքական փլուզումը դադարեցնելը մեր հիմնական նպատակն էր, նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի անվտանգությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով կկասեցվի Միջին Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից, Արեւելյան Միջերկրական ծովից եկող ահաբեկչական սպառնալիքը:
Նույնը վերաբերում է մեր ամենամոտ շրջանակին` հետխորհրդային տարածքին: Մենք ցանկանում ենք, որպեսզի այնտեղ հանգիստ եւ կայուն լինի, որպեսզի փոխշահավետ համագործակցություն զարգանա, եւ փոխշահավետ նախագծեր իրականացվեն տնտեսության, ներդրումների, բժշկության եւ կենսաբանական անվտանգության ոլորտում: Այո, այսօր շատ սպառնալիքներ կան, որոնք մտացածին չեն, այլ` իրական եւ ազդում են առանց բացառության բոլորիս բարեկեցության վրա:
Մենք հատուկ հանդիպել ենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների հետ: Նրանք եկել էին Մոսկվա: Ինձ թվում է, որ Փարիզի եւ Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչները Ղարաբաղի հարցով, որոնք աշխատում են մեր հատուկ ներկայացուցչի հետ, լիովին ընդունել են մեր լրացուցիչ բացատրությունները: Եթե նոյեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրած չափազանց հստակ համատեղ հայտարարությունից հետո դեռ ինչ-որ բան անհասկանալի էր, մենք լրացուցիչ քննարկեցինք այդ բոլոր հարցերը: Ռուսաստանի նախագահի վերջերս տված հարցազրույցը, որտեղ նա շատ անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչպես է ինքն աշխատել Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ, իմ կարծիքով, վերջնականապես տվեց բոլոր հարցերի պատասխանները:





























