Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատորները (խորհրդարանի վերին պալատ) կողմ կքվեարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագծին: Այս նախագիծը Սենատի օրակարգում ընդգրկված է նրա նախագահ Ժերար Լարշեի խնդրանքով: Ընդունման դեպքում բանաձեւը պարտադիր ուժ չի ունենա:
Բանաձեւը, մասնավորապես, պարունակում է ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչ` «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Բանաձեւի նախագիծը ստորագրած հեղինակները Սենատի խորհրդարանական խմբերի նախագահներն են՝ Բրունո Ռետայոն (հանրապետականներ), Էրվե Մարսելը (ցենտրիստներ), Պատրիկ Կանները (սոցիալիստներ), Էլիանե Ասասսին (կոմունիստներ) եւ Գիյոմ Գոնտարը (կանաչներ): Բանաձեւն «ընդունվելու բոլոր հնարավորություններն ունի»,- մեկնաբանում է France-Presse գործակալությունը:
«Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գրեթե 20 տարի առաջ Ֆրանսիան աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անկասկած, նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջինը քվեարկելու ենք Էրդողանի գործողությունները դատապարտող բանաձեւի համար, ինչպես նաեւ պահանջելու ենք միջազգային հետաքննություն՝ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Բայց առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նոյեմբերի 19-ին Sud-Radio-ի եթերում հայտարարել է «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Բրունո Ռետայոն:
Ըստ բանաձեւի նախնական տեքստի, որին France-Presse-ը ծանոթացել է, սենատորներն առաջարկում են «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով կայուն խաղաղություն հաստատելու նպատակով բանակցություններ սկսելու գործիք»: Սենատորները պահանջում են նաեւ ադրբեջանական ռազմական ուժերի դուրսբերում այն տարածքներից, որոնք սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո զբաղեցվել են նրանց կողմից, հայտնում է RFI-ը:
Բացի այդ, բանաձեւը «կառավարությանը հրավիրում է զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը», ինչպես նաեւ «Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել բնակչության անհապաղ պաշտպանություն՝ տեղակայելով միջազգային միջամտության ուժեր»:
Սենատորները նաեւ առաջարկում են Ֆրանսիայի կառավարությանը «միջազգային հետաքննություն պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ», «բացահայտել Թուրքիայի իշխանությունների կողմից խաղացած դերի բոլոր դիվանագիտական հետեւանքները», եւ իրենց եվրոպացի գործընկերների հետ միասին «քննարկել պատշաճ եւ վճռական պատասխանի հարցը»:





























