Հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են միասնական պետական քննությունները: Դիմորդների թիվը չափից դուրս ցածր է. 1209` նախորդ տարվա 17 655-ի դիմաց:
Հիշեցնենք, որ դա պայմանավորված է կրթության 12-ամյա համակարգի անցնելու հետ, որի հետեւանքով այս տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել: Այսինքն այս տարի դիմորդները այդ երիտասարդներն են, ովքեր նախորդ տարի չեն կարողացել բուհ ընդունվել եւ բանակից նոր զորացրվածները:
Հաշվի առնելով, որ հուլիսի սկզբին կզորացրվեն նաեւ 2009 թվականի գարնանային զորակոչին զորակոչվածները, պոտենցիալ դիմորդների թիվը կավելանա հասնելով առավելագույնը 1500-ի:
Նշենք, որ Կառավարության մայիսի 28-ի նիստում հաստատվել է , որ այս տարի բուհերում պետպատվերով տեղերը կլինի 2428, իսկ վճարովի տեղերը` 18500:
Հունիսի 4-ին տեղի կունենան միասնական պետական քննություններ հայոց լեզու եւ գրականություն առարկայից, հուլիսի 7-ին` կենսաբանությունից, ընդհանուր պատմությունից եւ աշխարհագրությունից, հուլիսի 10-ին` մաթեմատիկայից, հուլիսի 14-ին` օտար լեզուներից, հուլիսի 17-ին` Հայաստանի պատմությունից եւ ֆիզիկայից:




























