Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն կիրակի բողոքի ցույցի ժամանակ պահանջել է, որ կառավարությունն անհապաղ հրաժարական տա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ Սանդուն դիմել էր Մոլդովայի բնակիչներին՝ կոչ անելով մասնակցել բողոքի ցույցին կառավարության հրաժարականը ստանալու համար, որը չի կարողանում հաղթահարել սանիտարական եւ տնտեսական ճգնաժամը՝ ըստ նորընտիր նախագահի, եւ պահանջել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բողոքի ցույցին մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել են ընդդիմադիր կուսակցությունների բազմաթիվ առաջնորդներ:
Կիրակի Սանդուի կողմնակիցները, ինչպես նաեւ տարբեր քաղաքական ձեւավորումների ներկայացուցիչները հավաքվել են հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց: Նրանք արգելափակել են Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում երթեւեկությունը, իսկ կառավարության շենքը շրջափակել են ոստիկանները: Մարդիկ իրենց հետ բերել են Մոլդովայի դրոշներ, պաստառներ, որոնց միջոցով կոչ են անում հրաժարական տալ վարչապետ Իոն Կիկին եւ կալանավորել գործող նախագահ Իգոր Դոդոնին կառուպցիայի համար:
«Մենք կարող ենք դադարեցնել ժողովրդին ծաղրի ենթարկելու երեւույթը միայն մեկ ճանապարհով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, եւ դրա համար անհրաժեշտ է միայն մեկ գործողություն՝ կառավարության հրաժարականը: Կառավարությունն անհապաղ պետք է հրաժարական տա եւ սկսի խորհրդարանը ցրելու գործընթացը»,-հայտարարել է Սանդուն:





























