Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել են կիբերհարձակումների թիրախ Իսրայելի հետ պաշտոնական կապեր հաստատելուց հետո, հայտարարել է երկրի կիբերանվտանգության ղեկավար Մոհամեդ Համադ ալ Քուվեյթին, հաղորդում է Reuters-ը:

«Մեր հարաբերությունների կարգավորումն, օրինակ, Իսրայելի հետ, իսկապես սկիզբ է դրել ԱՄԷ-ի դեմ տրամադրված որոշ ակտիվիստների կողմից զանգվածային հարձակումների համար»,-հայտարարել է նա Դուբայում համաժողովի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ:

Ալ Քուվեյթի խոսքով, մասնավորապես, կիբերհարձակումների է ենթարկվել ֆինանսական հատվածը, սակայն նա մանրամասներ չի ներկայացրել: Նա նաեւ չի պատմել՝ պսակվե՞լ են արդյոք հաջողությամբ այդ հարձակումները, եւ ով է եղել դրանց հետեւում:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում ԱՄԷ-ն կարգավորել է հարաբերություններն Իսրայելի հետ: ԱՄԷ-ի օրինակին են հետեւել Բահրեյնն ու Սուդանը: Այդ քայլը զայրացրել է Պաղեստինին եւ մի շարք այլ մահմեդական երկրներին: