Քաթարի եւ Պարսից ծոցի մյուս երկրների (Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի) միջեւ հաշտեցումը կկայանա Պարսից ծոցի արաբական պետություններ համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի Բահրեյնում դեկտեմբերին, հաղորդում է թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ ՊԾԱՊՀԽ-ի հատուկ հանձնաժողովների շրջանակում կքննարկվեն վիճելի հարցեր, պահանջներ եւ պայմաններ՝ նպատակ ունենալով գտնել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Պարսից ծոցի եւ արաբական աշխարհի համակարգերի համախմբվածությունը:

Ավելի վաղ Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմեդ Նասիր աս Սաբահը հայտնել է, որ Քաթարն եւ նրա հարեւանները՝ Պարսից ծոցի արաբական երկրները, արդյունավետ բանակցություններ են վարում այդ երկրների միջեւ ավելի քան 3.5 տարի ընթացող կոնֆլիկտը կարգավորելու համար. բոլորը ցանկանում են դրան վերջ տալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նշանակալի առաջընթացի» մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ֆայսալ բեն Ֆարխան Ալ Սաուդը: Հարեւանների հետ կոնֆլիկտը լուծելու հարցում առաջխաղացում է նկատել նաեւ Քաթարի ԱԳՆ Մուհամեդ բեն Աբդերահման Ալ Թանին:

2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսն անսպասելիորեն հայտարարել են Քաթարի հետ հարաբերությունները խզելու մասին եւ սահմանել տրանսպորտային բլոկադա՝ մեղադրելով այն երկիրն ահաբեկչությունը սատարելու մեջ: Քաթարը մերժել է մեղադրանքներն ու հայտարարել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ ինքնիշխանությունը փոխադարձաբար հարգելու հիման վրա: