Կիրակի Ուրուգվայի կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ երկրի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնել են երկրի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը հայտարարել է ազգային սուգ դեկտեմբերի 6-8-ը: Երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս բոլոր պետական շենքերի դրոշները իջեցվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալյե Պոուն նշել է, որ Վասկեսը ծառայել է իր երկրին եւ գրանցել կարեւոր հաջողություններ: «Նա եղել է բոլոր ուրուգվայցիների նախագահը: Սգում է ամբողջ երկիրը»,-երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա խոսքերը:

Ավելի վաղ «Լայն ճակատ» քաղաքական միությունը, որի անդամն էր Վասկեսը, հաղորդել է, որ համավարակի պատճառով հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունը կանցկացվի նեղ շրջանակում: Ինչպես իր եթերում ցույց է տվել Todo Noticias հեռուստաալիքը, թաղման շարասյունն անցնել է Ուրուգվայի մայրաքաղաքի փողոցներով: Նախկին նախագահին հրաժեշտ տալու համար փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ: