Ֆրանսիական համալսարանում երբեմն-երբեմն բռնկվող միջադեպերը լրջորեն մտահոգում ու ստվերում են համալսարանի մասին հասարակության մեջ եղած կարծիքը: Նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Ինձ լրջորեն մտահոգեց «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունը, որը համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ շրջանավարտի միջեւ տեղի ունեցած տգեղ միջադեպի մասին վերջերս լրատվությամբ տարածված հրապարակման շարունակությունն էր: Խոսվում էր դասախոսի անթույլատրելի եւ իր գործունեության հետ անհամատեղելի վարքագծի մասին:
Հրապարակումների մեջ ինձ հատկապես զարմացրեց պրոռեկտորի քրոջ գիտելիքները գնահատելու նպատակով գիտելիքների քննական շեմն իջեցնելու մասին տեղեկատվությունը: Սա խոսում է ակնհայտ կոռուպցիայի երեւույթի մասին, այսինքն պրոռեկտոր Նավոյանի կողմից չարաշահվել է պաշտոնական դիրքը, որը պատժելի արարք է եւ պատիվ չի բերում համալսարանին: Սույն տեղեկատվությանը համալսարանի ռեկտորատի կողմից հասարակությանը պետք է տրվի գնահատական եւ անհրաժեշտ պարզաբանում:
Լինելով մեր պետության մեջ կրթության քաղաքականության համար պատասխանատվություն կրող անձ` ես նույնպես միանում եմ վերոնշյալ հայտարարության պահանջին եւ համալսարանի ռեկտորատի պատասխանատուներից ակնկալում եմ վերոնշյալ երեւույթներին վերաբերող համապատասխան արձագանք»,- ասված է Բախշյանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիական համալսարանում մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:
Միջադեպին ներկա NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել: Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարածքը տեսահսկող համալսարանի տեսախցիկները»,- նշել է վեճի ականատես մեր աղբյուրը:



























