Երեքշաբթի երկրորդ օրն անընդմեջ պղնձի գինն ընկնում է կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին համաշխարհային տնտեսության հեռանկարների համար մտավախությունների պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,4975 դոլարի, փոխանցում է «Փրայմը»:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել է 0,65 տոկոսով, մինչեւ 7710 դոլար, ալյումինի տոննայի արժեքը՝ 1,32 տոկոսով, մինչեւ 2017 դոլար, ցինկի՝ 1,32 տոկոսով, մինչեւ 2017 դոլար:
Ներդրողներին շարունակում է մտահոգել տարբեր երկրներում կորոնավիրուսով հիվանդացության աճը: Սա կարող է արգելակել ընդհանրապես համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ այդ թվում հարվածել պղնձի պահանջարկին:
Փորձագետները նշում են, որ մետաղի գնի նվազումը մասամբ կապված է նաեւ շուկայի շտկումների հետ: Մինչեւ այս շաբաթվա սկիզբ պղինձը 10 օր անընդմեջ թանկանում էր, եւ այդ ընթացքում պղնձի գինն աճել է ավելի քան 6 տոկոսով: Շուկայի համար դրական գործոն էին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արագ հայտնվելու հետ կապված հույսերը, եւ դրա հետ կապված համաշխարհային տնտեսության վերականգնման հույսերը, այդ թվում՝ Չինաստանի, որն աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է:




























