Չինաստանի կառավարությունը մտադիր է տեսանելի ապագայում հայտարարել խիստ հակաքայլերի մասին՝ ի պատասխան չինացի 14 խորհրդարանականների դեմ ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցների: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել Չինաստանի ներքին գործերին միջամտությունը եւ դադարել ընթանալ վտանգավոր ու սխալ ճանապարհով: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի վատ գործողություններին, ապա Չինաստանը կընդունի վճռական հակաքայլեր եւ հաստատուն կերպով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը»,- նշել է նա:

Լրագրողների խնդրանքին՝ պարզաբանել նախատեսվող պատժամիջոցների բնույթը, դիվանագետը պատասխանել է, որ դրանք շուտով կհրապարակվեն: «Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա բոլորին խնդրում եմ մի փոքր սպասել: Մենք այդ մասին ժամանակին կհայտարարենք»,- հայտնել է նա: