Կաթողիկոսը ժողովուրդ չի, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՃՈ նախկին պետ աշխատած Արմեն Խաչատրյանն էլ պատմեց, թե պատգամավորներն ինչ ուղերձներ են փոխանցել Փաշինյանին․ «Թիմի կարծիքը ձեւավորվում է ընտրողների կարծիքից։ Եթե այսօր մենք կարծիք ենք հայտնում, ապա իմացեք, որ դա մեր ընտրողների կարծիքն է։ Մենք չենք կարող կտրվել մեր ընտրողների կարծիքից, մենք չենք կարող հուսախաբ անել մարդկանց, ովքեր մեզ ընտրել են եւ մեզանից որոշակի պահանջներ ունեն, մենք չենք կարող նրանց վստահությանն ու ցանկություններին հակառակ գնալ»։
Ճշտեցինք՝ իրենց ընտրել են, որ հայրենի՞ք հանձնեն ու հիմա էլ կարծում են, որ ոչինչ չի եղել, ու պիտի շարունակե՞ն պաշտոնավարել։ «Շատ բան է եղել, բայց մեր ընտրողները պահանջում են, որ այս բեռը մինչեւ վերջ կրենք, պահանջում են, որ հետդարձ չի կարող լինել»։
Մտածում եք, որ ձեր ընտրողները կարո՞ղ են հաշտվել ստեղծված իրավիճակի հետ։ «Իրենք ոչ թե կարող են, այլեւ ուզում են»։ Իսկ ե՞րբ եք հարցում արել, որ նման պատկեր եք ստացել։ «Ամեն օր, կարող եք մեզ հետ դուրս գալ քաղաք եւ տեսնել՝ ինչքան մարդ է մոտենում, չեմ ասում՝ մնացած վայրերում, ու աջակցություն են հայտնում»։ Այսինքն՝ ձեզ ընտրած 800 հազար ընտրողների շրջանում հարցո՞ւմ եք արել։ «Այսօրվա միտինգներից էլ է երեւում, որ մենք աջակցություն ունենք»։
Բացատրեցինք, որ միտինգները չեն կարող չափանիշ լինել, ազգը սգի մեջ է, շատերը փողոց դուրս գալու սիրտ չունեն։ Առաջարկեցինք դիտարկել տարբեր հասարակական-քաղաքական, մտավորական եւ հոգեւոր շրջանակներից հնչող հայտարարությունները, երեկ էլ՝ երկու վեհափառներինը, որով Փաշինյանին կոչ են անում հեռանալ։ «Կաթողիկոսը ժողովուրդ չի, եւ ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ։ Կաթողիկոսն ու Արամ Առաջինը չեն մեզ ընտրել,- հակադարձեց Արմեն Խաչատրյանը։- Կա ընտրազանգված, որն ինձնից հստակ պահանջում է քայլերի հաջորդականություն, ինչն էլ ես անում եմ։ Երբ ժողովրդի ցանկությունները կփոխվեն, ես իմ կարծիքը կհայտնեմ»։ Ժողովրդի ցանկություններն ու կամքն արտահայտելու մեկ ճանապարհ կա՝ ընտրություններ, դուք հրաժարվո՞ւմ եք արտահերթ ընտրություններից։ «Դե, ընտրությունների մասով դեռեւս չեմ կարող ասել՝ ինչ կլինի, ոնց կլինի, բայց կոնկրետ իմ արած մոնիթորինգով այլ բան են ասում»,- գրում է կայքը։




























